Վրաստանը Վենսի տարածաշրջանային այցի լուսանցքում. արձագանքներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հարավկովկասյան շրջագայության շրջանակներում, այցելեց Հայաստանի մայրաքաղաք Երևան, որտեղ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այցը հանրության և վերլուծաբանների հարթակում մեծ քննարկման թեմա է։

Պատմական նշանակություն ունեցող այցի շրջանակներում Վենսն այցելել է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետի հետ միասին ստորագրել համագործակցության ամրապնդման փաստաթուղթ և հանդես եկել հրապարակային հայտարարություններով լրատվամիջոցների համար:

«Իրապես հպարտ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որն այցելել է այս երկիր», — ասել է Վենսը՝ հավելելով, որ իր այցը նախագահ Թրամփի վարչակազմի՝ Հայաստանի հանդեպ ունեցած խոր հավատարմության վկայությունն է:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հանդիպումն «արտացոլում է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր և ռազմավարական գործընկերության աննախադեպ մասշտաբը»:

Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ հանդիպումը խորհրդանշական անկյունաքար է ապագա այն նախաձեռնությունների համար, որոնք կլինեն կողմնորոշված դեպի սուվերենություն և անվտանգություն:

Էներգետիկ գործարք և «123 համաձայնագիր»

Գագաթնաժողովի գլխավոր ձեռքբերումը, ըստ հայկական լրատվամիջոցների, դարձել է «123 համաձայնագրի» ստորագրումը, ինչը ենթադրում է համագործակցության խորացում քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում և Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացման խթանում:

Կնքված 9 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը ներառում է Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորների (SMR) տեխնոլոգիայի փոխանցում, ինչն արդյունավետորեն կնվազեցնի Հայաստանի պատմական կախվածությունը հարևան պետություններից էներգիայի ներկրման հարցում:
Ստորագրումից հետո Վենսն ասել է, որ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ը նախնական փուլում կգնի մոտ 5 միլիարդ դոլարի արտադրված էլեկտրաէներգիա, որին գումարվում է 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի մատակարարման և տեխնիկական սպասարկման պայմանագրերի տեսքով:

Փաշինյանը գործարքը որակել է որպես Հայաստանի ռազմավարական էներգետիկ շրջադարձ:

Պաշտպանություն և անվտանգություն

Պաշտպանության և անվտանգության առումով հայտարարվել է 11 միլիոն դոլար արժողությամբ առաջադեմ հետախուզական անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին, ինչը, ըստ Վենսի, կամրապնդի երկրի զինված ուժերը: Այս գործարքը, որն իրականացվել է ԱՄՆ «Օտարերկրյա ռազմական վաճառքների» (FMS) ծրագրի շրջանակներում, Հայաստանին կապահովի V-BAT տիպի ԱԹՍ-ներով:

«Մենք հաստատել ենք 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական դրոնների տեխնոլոգիայի վաճառքը Հայաստանին, ինչը կրիտիկական նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման համար», — նշել է Վենսը:

Տարածաշրջանային առևտուր և «Թրամփի երթուղի»

Պետական այցի շրջանակներում Վենսը և Փաշինյանը խոսել են նաև «Թրամփի պատմական երթուղու» և տարածաշրջանային առևտրի մասին: Նրանք մանրամասն քննարկել են այն ծրագրերը, որոնք երկու երկրներն ունեն Սյունիքի, նույն ինքը՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված:
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է նախաձեռնության ներուժը և հայտարարել, որ «TRIPP-ը կբացի նոր առևտրային, տարանցիկ և էներգետիկ միջանցքներ և միաժամանակ կներգրավի զգալի մասնավոր ներդրումներ Հայաստանում»:

Փաշինյանը վերահաստատել է աջակցությունը նախագծին՝ շեշտելով, որ դա անպայման պետք է հաշվի առնի Հայաստանի իրավազորությունը:

Տեխնոլոգիական համագործակցություն և Nvidia Blackwell

Հատուկ կարևորություն ուներ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մասին: Հայտնի դարձավ, որ Հայաստանը և ԱՄՆ-ը միասին կաշխատեն կրիտիկական միներալների արդյունահանման, նաև արհեստական բանականության (AI) առաջադեմ ենթակառուցվածքների զարգացման վրա:

ԱՄՆ-ը տարածաշրջանի համար աննախադեպ որոշում է կայացրել և Հայաստանին թույլատրել է գնել Nvidia-ի նորագույն և տեխնոլոգիապես ամենակատարյալ Blackwell չիպեր: Ըստ առկա տեղեկությունների՝ Երևանը պատրաստ է 500 միլիոն դոլարի հաշվողական սարքավորումների գնմանը և ծրագրում է Nvidia-ի հետ միասին երկրում կառուցել AI տվյալների կենտրոն:

«Ամերիկյան տեխնոլոգիան կմտնի այս երկիր… Սա այն սակավաթիվ երկրներից է, որտեղ մենք մեզ բավականաչափ վստահ ենք զգում ներդրումներ անելու համար», — նշել է Վենսը:

Այսպես է ավարտվել Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան: ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևին և այլ պաշտոնյաների՝ նոր համաձայնագրեր կնքելու նպատակով:

Այս թեման վերջին օրերին դարձել է տարածաշրջանի փորձագիտական և լրատվական շրջանակների ամենաքննարկվող առանցքը։ Ջեյ Դի Վենսի այցը դիտարկվում է ոչ թե որպես սովորական դիվանագիտական ժեստ, այլ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նոր հարաբերությունների հաստատում։

Վերլուծական հարթակներում հարցադրումներից մեկը վերաբերում է Վրաստանին։ Թբիլիսիի բացակայությունը Վենսի այցելության երթուղուց դարձել է քննարկման առիթ։

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձավ վերոնշյալ թեմային։ Թումասյանի խոսքով՝ տարածաշրջան Վենսի այցը շատ կարևոր էր, և ցույց է տալիս առաջին հերթին Միացյալ նահանգների ու Հայաստանի միջև շարունակվող ռազմավարական խորացվող համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում` միջուկային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռազմատեխնիկական համագործակցությունը. կան մի շարք պայմանագրեր նաև Ադրբեջանի հետ։

«Վրաստանը նախկինում լինելով տարածաշրջանի միակ պետությունը, որը ռազմավարական հարաբերություններ ուներ Միացյալ Նահանգների հետ, հիմա փաստացի դարձել է միակ պետությունը, որը հարաբերություններ չունի։ Սա լուրջ խնդիր է ներկայացնում Վրաստանի համար, և նույնիսկ Հայաստանի համար է խնդրահարույց, որ Վրաստանը Միացյալ Նահանգների հետ չունի ակտիվ հարաբերություններ։ Դա արվել է «Վրացական երազանք»-ի գործունեության հետևանքով, դիտմամբ»,- ասաց Թումասյանը` ընդգծելով, որ «Վրացական երազանք» կուսակցությունը սրանով խոչընդոտում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի Եվրատլանտյան ապագան։

Լրագրող, «Մոդելավորված քրոնիկա»-ի հեղինակներից Էկա Ծամալաշվիլիի խոսքով՝ սա պատմական իրադարձություն է, Հարավային Կովկասում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական ճարտարապետություն՝ առևտրի, էներգետիկայի և տարանցման շուրջ։

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Անդրկովկասում է, այցելում է մեր հարևաններին։ Սա պատմական իրադարձություն է։ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական ճարտարապետություն՝ առևտրի, էներգետիկայի և տարանցման շուրջ։ Վաշինգտոնն ուղղակիորեն ներգրավվում է այս գործընթացում։ Միջազգային բարօրության և խաղաղության «Թրամփի միջանցք»՝ ահա թե ինչի հիմքն է դրվում այսօր։

Իսկ այդ ժամանակ որտե՞ղ է Վրաստանը։ Ո՞վ է մեզ հիշում։ Այս երկրի նախագահը (նախկին), որը Թբիլիսիում հյուրընկալում էր ԱՄՆ նախագահին, փոխնախագահին, իսկ երբեմն էլ հենց Դոնալդ Թրամփին՝ բանտում է։ Ընդդիմության առաջնորդները բանտում են. ահա Նիկա Մելիային նոր մեղադրանք առաջադրեցին։ Քաղաքացիական ակտիվիստները բանտում են։ Օրենք են ընդունում, որպեսզի բոլոր նրանց, ում լեգիտիմ չեն ճանաչում, լցնեն բանտերը»,- գրել է նա։

Ըստ նրա՝  «Վրացական երազանք»-ը «մոլորեցնում» է իր կողմնակիցներին, թե իբր Վենսն ու Ռուբիոն մտածում են հարաբերությունները կարգավորելու մասին. «Ո՛չ թե ձեզ հետ, այլ Վրաստանի հետ։ Ձեզ վաղուց արդեն Վրաստանի դաշնակիցները տարանջատել են վրաց ժողովրդից և Վրաստան պետությունից։ Մենք տարածաշրջանի «աստղային» պետությունն էինք, իսկ հիմա դարձել ենք մի վայր, որը ոչ մի հաշվարկի մեջ այլևս չկա»։

Իրավաբան, նախկին պաշտոնյա Գիա Խուրոշվիլին գրել է, որ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան արարողակարգային կամ խորհրդանշական չէր, հստակ ազդանշան էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն վերաձևակերպում է իր ներգրավվածությունը տարածաշրջանում՝ հիմնվելով նոր գործընկերների և նոր առաջնահերթությունների վրա։

Իրավաբանը նշել է, որ Վենսի ուղերձները վերաբերում էին մի քանի առանցքային ուղղությունների.

• Բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ մասնագիտացված չիպերի մատակարարմանը,

• Տեխնոլոգիական էկոհամակարգի ֆինանսավորմանը և նորարարությունների աջակցմանը,

• Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը,

• Տարածաշրջանային տարանցիկ միջանցքների բացմանը։

Նրա խոսքով ՝ այս չորս բաղադրիչներն էլ ներկայացնում են ժամանակակից աշխարհաքաղաքական գործընկերության հիմքը, որտեղ անվտանգությունը, տնտեսությունը և տեխնոլոգիաները սերտորեն շաղկապված են միմյանց։

«Այս գործընթացներում Վրաստանի բացակայությունը ոչ թե աշխարհագրական տրվածք է, այլ Իվանիշվիլիի պրոռուսական կառավարման քաղաքական հետևանքը:

• ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը գործնականում կասեցված է:

• Արևմուտքի աչքերում Վրաստանն այլևս չի ընկալվում որպես բարեփոխումների առաջնորդ:

• Երկրի արտաքին քաղաքականությունը կորած է անորոշության և երկակի ուղերձների մեջ:

Դիվանագիտության մեջ դատարկություն չի լինում: Այնտեղ, որտեղ դու չկաս, մտնում են ուրիշները»,- ընդգծել է իրավաբանը` հավելելով, որ տարածաշրջանը գնում է դեպի ինտեգրացիա, իսկ Վրաստանի լուսանցքում մնալը վերածվում է ռազմավարական թուլության։