Թբիլիսիում օտարերկրացի է ձերբակալվել` ամուսիններին դիտավորյալ սպանության մեղադրանքով

Թբիլիսիում օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել՝ ամուսնական զույգի դիտավորյալ սպանության մեղադրանքով, այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Տեղեկության համաձայն՝ օտարերկրացի է՝ նաև սպանվածներից մեկը։ Թե որ երկրներից են նրանք, ՆԳՆ-ն չի հայտնում։

Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 19-ին Թբիլիսիում, վիճաբանության ժամանակ, կասկածյալը բութ գործիքով մահացու վնասվածքներ է հասցրել ամուսիններին։ Այնուհետև նա թաղել է դիակները՝ հույս ունենալով թաքցնել հանցագործությունը։

Մահացածները 36 և 41 տարեկան են, իսկ սպանության մեջ կասկածվողը՝ 35։

Նախաքննությունը շարունակվում է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։