«Վրաստանը Եվրոպա է, վրացիները՝ եվրոպացիներ». եվրախորհրդարանականներ

Եվրոպացի խորհրդարանականները համատեղ հայտարարությամբ արձագանքել են Եվրահանձնաժողովի՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ որոշմանը։ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են՝ այս որոշումը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Վրաստանը Եվրոպա է, իսկ վրացիները՝ եվրոպացիներ»։

Ըստ նրանց՝ իրենք կշարունակեն մշտադիտարկել և աշխատել՝ ապահովելու համար, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականն արտացոլվի Եվրոպական խորհրդի դեկտեմբերի զեկույցում:

«Վրաստանը Եվրոպա է, իսկ վրացիները՝ եվրոպացիներ։ Այս փաստը ևս մեկ անգամ հաստատել է Եվրահանձնաժողովն ընդլայնման վերաբերյալ իր տարեկան զեկույցում։ Մենք՝ Վրաստանի բարեկամներս Եվրախորհրդարանում, վճռականորեն պաշտպանում ենք Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի կառավարությունը չցանկացավ կատարել Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները և երկրի արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել Եվրամիության արտաքին կուրսին, վրաց ժողովրդի, առանձին վրացի քաղաքական առաջնորդների, ներառյալ նախագահի ու քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչների կամքն ավելի ուժեղ էր, և նրանց եվրոպականությունն ավելի կայուն էր։ Նրանք և միայն նրանք են արժանի այս պատմական նվաճմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Պետրաս Աուստրևիչուսը, Վիոլա ֆոն Կրամոն, Աննա Ֆոտիգան, Մայքլ Գալլերը, Մարկետա Գրեգորովան, Ռասա Յուկնևիչենեն, Անդրիուս Կուբիլիուսիմը և Սվեն Միկսերը։

Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին