Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ Վրաստանում տարածված ապատեղեկատվական հաղորդագրությունները

Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը 24-ժամյա ռմբակոծություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի վրա և ռազմական ճանապարհով ամբողջական վերահսկողություն սահմանեց այնտեղ։ Բաքուն Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար էթնիկ հայերի վերաինտեգրման ծրագիր է առաջարկել: Այնուամենայնիվ, ադրբեջանական վերաինտեգրման ծրագրի նկատմամբ անվստահության պատճառով Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունը՝ մոտավորապես 120 հազար էթնիկ հայեր, փաստացի բռնի տեղահանվեց: Տարածաշրջանում զարգացած իրադարձությունները արձագանք գտան նաև Վրաստանում։ Հատկանշական է, որ նշված իրադարձություններն օգտագործվել են Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների դեմ ապատեղեկատվական հաղորդագրություններ տարածելու համար։

Սեպտեմբերի 25-ին «Լիդերի 41» իշխանամետ ֆեյսբուքյան էջը գրառում է արել, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված մինչև 40 հազար էթնիկ հայեր կվերաբնակեցվեն օկուպացված Աբխազիայում՝ Վրաստանի քաղաքացիների տներում»։ Միաժամանակ, այս տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դավիդ Թորդիան: Թորդիայի էջում նշված տեղեկությունը փաստում է, որ նա աշխատում է «Լիդերի 41»-ում։

Տեղեկությանն արձագանքել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, և ըստ դեսպանության սեպտեմբերի 26-ին հրապարակված հաղորդագրության, վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «էժանագին շահարկում է», որը նպատակ ունի վնասելու հայ ժողովրդի հեղինակությանը՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այդ ծանր պահին։

«Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի` ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին»,- նշված է հաղորդագրությունում։

Նման ապատեղեկատվական նարատիվներ տարածել է նաև ge.kavkazplus.com կայքը: 2023 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակված հոդվածում գրված է. «Այսօր «ջավախքցի» անջատողականները օկուպացված անջատողական Աբխազիայի հայերի հետ միասին ամեն կերպ փորձում են ընդգծել, որ իրենք մնում են «Ռուսաստանի վերջին հույսը Կովկասում»։  Սրա համար սադրիչ բաներ են առաջարկում՝ իբր «Ռուսաստանի փառքի հիշեցում», ինչը միաժամանակ կարելի է ապտակ համարել Վրաստանին ու վրաց ժողովրդին»:

Նշենք, որ այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ Սամխցե-Ջավախեթիի հայերից, ոչ Աբխազիայից այս թեմայի վերաբերյալ հայտարարություններ չեն արվել։

Ապատեղեկատվական հաղորդագրությունների և հատկապես էթնիկ փոքրամասնությունների դեմ ապատեղեկատվական արշավների մասին «Ալիք Մեդիա»-ն զրուցել է «Փաստ-մետր»-ի գլխավոր խմբագիր Մալխազ Ռեխվիաշվիլիի հետ:

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Ռեխվիաշվիլին ասաց, որ տարածված ապատեղեկատվությունը շատ նման է ռուսական քարոզչական արշավի լավ փորձարկված մեթոդներին, որի նպատակը Կովկասում ապրող երեք պետությունների քաղաքացիների միջև էթնիկ հակամարտության պահպանումն է: Նրա խոսքով, անկախ նրանից՝ ղարաբաղցիները կվերաբնակեցվեն Աբխազիայում, թե՝ ոչ, «մենք պետք է հասկանանք, որ հնարավոր է՝ մեդիայով տարածելու համար ինչ-որ մեկի ձեռքից բռնեն և վերաբնակեցնեն Սոխումիում, բայց չպետք է մոռանանք, որ սա ևս տեղեկատվական օպերացիայի մաս կլինի, որը Ռուսաստանն իրականացնում է վրաց-հայկական, վրաց-ադրբեջանական և ադրբեջանա-հայկական հարաբերությունները փչացնելուն համար՝ Խորհրդային Միության փլուզումից հետո և դրանից առաջ»:

Նրա խոսքով. «Նշվածը (ղարաբաղցի հայերի Աբխազիայում վերաբնակեցման մասին տեղեկատվությունը- խմբ.), հավանաբար, ավելի շատ ուղղված է մեր՝ Վրաստանի քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիների հարաբերությունները փչացնելուն։ Սակայն,  չպետք է սա առանձին դիտարկենք, այսինքն, ապատեղեկատվությունն՝ ապատեղեկատվություն, քարոզչությունը՝ քարոզչություն է կոչվում, քանի որ յուրաքանչյուր կեղծ լուր, որի մասին խոսում ենք կամ ամեն կիսով չափ ճշմարտություն, որի մասին խոսում ենք՝ ավելի մեծ պատկերի, ավելի մեծ տեղեկատվական օպերացիայի մաս է։ Հետևաբար՝ Ռուսաստանի պետության նպատակը ոչ թե դրա մի մասն առանձին տարածելն է, այլ այն գործողության մեջ ընդգրկելը, որի վերջնական նպատակը բոլորիս իրար դեմ հանելն է»։

Ռեխվիաշվիլին նաև հավելում է, որ եթե մենք չհակադրվենք միմյանց և կարողանանք լավ ապրել միասին, ապա Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը Կովկասում։ Ներկայումս Ռուսաստանը փորձում է օգտագործել առկա բոլոր տեսակի հակամարտությունները՝ Կովկասում իր կայսերական դերը պահպանելու համար։ Ռեխվիաշվիլիի խոսքով, այս ամենի դեմ պետք է պայքարել ճշմարտությամբ, քանի որ, ինչպես ինքն է ասում, պատմությունը ցույց է տալիս, որ ճշմարտությունը հաղթում է։

«Ճշմարտությունը լավագույն զենքն է, քանի որ դա մեզ չի վնասի ապագայում: Հետևաբար, պետք է փորձել տարածել միայն ճշմարտությունը, և եթե սուտ ենք տեսնում, պետք է պայքարենք։ Փորձենք սուտը լսած ու դրա ազդեցության տակ գտնվող մարդկանց համոզել ու ցույց տալ իրականությունը։ Եթե ճշմարտությունը ​​չտարածես, կտարածվի միայն սուտը, իսկ ստի տարածումը կասեցնելու միակ միջոցը փաստերով ու ճշմարտությամբ հակադարձելն է: Այնուամենայնիվ, կարևոր է, թե ինչ տոն ենք մենք օգտագործում միմյանց հետ խոսելիս։ Չպետք է միմյանց հետ հակառակորդի դիրքերից խոսենք»,- ասաց Ռեխվիաշվիլին:

Նշենք, որ հոդվածում քննարկված օրինակները տարածաշրջանի իրադարձություններն ապատեղեկատվության նպատակով օգտագործելու առաջին դեպքերը չեն։ Նմանատիպ բովանդակությամբ ապատեղեկատվական հաղորդագրություններ տարածվել են նաև 2022 թվականին։ 2022 թվականի նոյեմբերի 21-ին ge.kavkazplus.com կայքը հրապարակել է «Հայերի բնակեցումը Աբխազիայում. հայ համայնքի ղեկավարները սկզբունքորեն հրաժարվում են բացատրություններ տալուց» հոդվածը, որում քննարկվում է, որ նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վերաբնակեցնել Աբխազիայում։ Հետաքրքիր է, որ, ինչպես սեպտեմբերին զարգացած իրադարձությունների նման, այս հոդվածի հրապարակմանը նախորդել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը։ Նշենք, որ ինչպես հոդվածում քննարկված օրինակները, այնպես էլ անցյալ տարի տարածված տեղեկատվությունը կեղծ են և հիմնված չեն որևէ փաստական ​​հանգամանքի վրա։

Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է ասել, որ Վրաստանում որոշ դերակատարներ փորձում են համակարգված կերպով ապատեղեկատվական հաղորդագրություններ տարածել, որոնք մի կողմից օգտագործում են երկրի համար ամենասուր խնդիրը՝ օկուպացումը, մյուս կողմից՝ տարածաշրջանում զարգացած իրադարձությունները և դրանով փորձում Վրաստանում, ինչպես հարևանների նկատմամբ, այնպես էլ՝ երկրի ներսում ապրող էթնիկ փոքրամասնության նկատմամբ խրախուսել դժգոհությունն ու թշնամանքը: Նշված խնդիրը Վրաստանի համար նորություն չէ: Տարբեր ժամանակներում երկրում հարևանների դեմ ապատեղեկատվական նարատիվներ են տարածվում։ Սակայն, այս դեպքն ուշագրավ է նրանով, որ ապատեղեկատվական արշավում հրապարակայնորեն և անմիջականորեն ներգրավված են այնպիսի դերակատարներ, որոնք սովորաբար կառավարական քարոզչություն տարածողներ են: Որպես դրա օրինակ կարող ենք բերել հոդվածում նշված դեպքը, երբ ֆեյսբուքյան իշխանամետ էջը և նրա ղեկավարը հրապարակայնորեն ապատեղեկատվություն են տարածում, որը կոնկրետ էթնիկ խմբի, այս դեպքում երկրում ապրող հայ համայնքի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կեղծ վերաբերմունք ստեղծելուն է միտված։ Սա կարող է բնակչությանը ստիպել մտածել, որ կառավարությունը ներգրավված է իր որոշ քաղաքացիների նկատմամբ ատելություն սերմանելու նպատակի մեջ, ինչը տագնապալի է։

Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում մեդիագրագիտությունը դարձել է քաղաքացիական հասարակության կարևորագույն մարտահրավերներից մեկը։ Այդ իսկ պատճառով կարևոր է հանրային տարածքում տեղեկատվության ճիշտ բաշխման չափանիշ ստեղծելը, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելն այն մասին, թե ինչպես կարող են նրանք պաշտպանվել ներկայիս ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմում: