Թբիլիսին կկորցնի ԵՄ–ին անդամակցելու հեռանկարը. եվրապատգամավոր

Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «Վրացական երազանքի» նախաձեռնած «գործակալների օրենքի» մասին ասել է, որ եթե այն ընդունվի, Վրաստանն այլևս Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չի ունենա։

Սրանով Կրամոնն արձագանքել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու՝ ապրիլի 11-ին արած այն հայտարարությանը, որ եթե այս օրենքն ընդունվի, Եվրահանձնաժողովի համար շատ դժվար կլինի դրական գնահատական ​​տալ։

«Այդ գործընթացից հետո անհնար կլինի դրական գնահատական ​​տալ։ Օրենքն ընդունվելու դեպքում Վրաստանում եվրաանդամակցության հեռանկար չի լինի։ Վերջակետ»,- գրել է Վիոլա ֆոն Կրամոնը X-ի իր միկրոբլոգում:

Ի դեպ, Հերչինսկին ապրիլի 11-ին, պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե արդյոք իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» կարող է խոչընդոտ դառնալ Վրաստանի անդամակցությանը, նշել է, որ օրինագիծն անհամատեղելի է եվրոպական նորմերի և արժեքների հետ։ Պավել Հերչինսկին ասել է, որ Եվրախորհուրդը կդժվարանա օրինագծի ընդունումը դրական գնահատել։

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որն օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց: Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին զուգահեռ, որի ընթացքում նախատեսված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը, խորհրդարանի դիմաց ակցիա կանցկացվի։

Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքները