Վրաստանի 2 քաղաքացու գտնվելու վայրը դեռևս անհայտ է․ դեսպան

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավայի խոսքով՝ մինչ այժմ հաստատվել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վրաստանի 3 քաղաքացու մահվան մասին տեղեկությունը, սակայն 2 քաղաքացու գտնվելու վայրը դեռևս անհայտ է, և որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Ցավոք, մենք կորցրինք ևս մեկ քաղաքացու։ Այս տեղեկությունը ստացել ենք ընտանիքից, անձամբ եմ զրուցել մահացածի քրոջ հետ։ Մինչ այժմ 3 մարդ է մահացել։ Երեք դեպքում էլ ընտանիքներից ապացույց ունենք»,- ասել է դեսպանը։

Դեսպանը հավելել է նաև, որ քաղաքացիներից մեկը համարվել է անհետ կորած, բայց ի վերջո հայտնաբերվել է ողջ և առողջ։

Դեսպանը նաև ասել է, որ երկրաշարժի գոտուց մարդկանց դուրս բերելու շատ մեծ խնդիր կա, քանի որ ճանապարհները փակ են, և տեղաշարժվել կարողանում են միայն փրկարար խմբերը։