Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի և Հվ. Օսիայի. Ռասմուսենի խորհուրդը Վրաստանին

«Կարծում եմ պետք է սկսել քննարկումներ՝ ընդունելի կլինի, թե ոչ, որպեսզի Վրաստանը  միանա ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի և Հվ. Օսիայի, և 5-րդ հոդվածը ընդգրկի միայն այն տարածքը, որը լիովին վերահսկվում է վրացական իշխանությունների կողմից: Հարց է, որն է ավելի ռիսկային՝ ներկա իրավիճակը, թե նոր բանակցությունների մեկնարկը ՆԱՏՕ-ում հավանական անդամագրման համար»,- այս մասին interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Եթե Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի ապագա անդամը, դուք պետք է շարունակեք ժողովրդավարական բարեփոխումները, պայքարել կաշառակերության դեմ, երաշխավորել խոսքի ազատությունը և պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները: Սակայն գլխավոր խնդիրը օկուպացված տարածքներն են: Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ում անդամագրվելու համար անհրաժեշտ չափանիշներին, բացի Ռուսաստանի կողմից օկուպացրած տարածքներից»,- հայտարարել է Ռասմուսենը:

Այն հարցին, թե ինչքանով է Վրաստանի կառավարությունը պատրաստ այս ամենն իրականացնելու համար, Ռասմուսենը պատասխանել է, որ այս հարցը ներսում պետք է քննարկվի, քանի որ դա ռիսկային քայլ է:

«Կարծում եմ, մենք պետք է խուսափենք Պուտինի դե ֆակտո վետոյից: Նա գիտի, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը չեն ցանկանա այս խնդիրները տեղափոխել մեր կազմակերպություններ: Հենց այդ պատճառով Ռուսաստանը շարունակում է Աբխազիայի և Հվ. Օսիայի օկուպացիան: Բայց, եթե Վրաստանը կասի, որ մենք պատրաստ ենք անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսինքն, որպեսզի 5-րդ հոդվածը ընդգրկի միայն այն տարածքը, որը լիովին վերահսկվում է վրացական իշխանությունների կողմից, այդ դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ Պուտինը վետո չի կարողանա դնել ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությանը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածն ասում է, որ դաշինքի անդամները պաշտպանում են միմյանց ագրեսիայից, և նրա անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա: