Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին արագանում է․ Սամխարաձե

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով՝ այսօր Եվրոպայում միակ դաշինքը, որը կարող է Վրաստանին անվտանգության հովանոց հանդիսանալ՝ ՆԱՏՕ-ն է։

Ըստ Սամխարաձեի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի համար առաջնահերթություն է։

Սամխարաձեի խոսքով՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը, հույս կա, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարագանա։

Միևնույն ժամանակ, Սամխարաձեն նշել է, որ դեռ վաղ է խոսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների արդյունքի մասին, սակայն դա իր ազդեցությունը կունենա Վրաստանի վրա.

«Այս խաղաղ բանակցությունները շատ վաղ փուլում են, ուստի չենք կարող ասել, որ ինչ-որ բեկում է տեղի ունեցել։

Ինչ վերաբերում է Վրաստանի կողմից այս թեմային կցվելուն, ապա, իհարկե, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված ցանկացած հարց կազդի նաև Վրաստանի վրա։ Սակայն ես ցանկանում եմ իմ մեծ հույսը հայտնել, որ Արևմուտքն այդ դեպքում ուժեղ կամք կդրսևորի և կարագացնի Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»։

Ըստ Սամխարաձեի՝ «Ուկրաինայի հարցը Վրաստանին շատ հստակ ցույց տվեց, թե անվտանգային ինչ մարտահրավերների առաջ է»։