Կոբախիձեն Սաակաշվիլիի կուսակցությունն «Ալտ ինֆո»-ից վտանգավոր է համարում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ավելի շատ վնաս է հասցնում պետությանը, քան ռուսամետ «Ալտ-ինֆոն»։

Ըստ Կոբախիձեի՝ ՄԱՇ-ը և նրանց հետ կապված բոլոր ռեսուրսները ֆինանսավորվում են Ռուսաստանից։

«Ցավոք սրտի, խորհրդարանում էլ ունենք ռուսամետ կուսակցություններ։ Սա ցավալի իրողություն է։ Նույնը վերաբերում է նաև հեռուստատեսություններին: Վրաստանում կան բազմաթիվ հեռուստաընկերություններ, որոնք քարոզում են ագրեսիա, ատելություն և բևեռացում և այստեղ, ցավոք, օրենսդրությունն անզոր է։

ՄԱՇ-ը շատ ավելի ազդեցիկ մեդիա ռեսուրսներ ունի։ Հետևաբար, նրանք հարյուրապատիկ անգամ ավելի լուրջ վնաս են հասցնում պետությանը, քան ի զորու է «Ալտ-ինֆոն»,- ասել է Կոբախիձեն։

Նշենք, որ Վրաստանում գործող «Ալտ-ինֆո» կուսակցությունն իր հիմնական նպատակներից է համարում Ռուսաստանի հետ «ուղիղ, անվերապահ» ​​երկխոսությունը՝ Վրաստանի եվրատլանտյան նկրտումներից հրաժարվելու դիմաց։ Հայտնի է նաև փոքրամասնությունների ներկայացուցիչների գործունեությունը սահմանափակելու նրանց ծրագրի մասին։ Հստակ ռուսամետ քաղաքական կուսակցությունը միշտ պնդում է, որ իրականում ոչ թե ռուսամետ, այլ ազգային, վրացամետ քաղաքական ուժ է։ Կուսակցությունը նախատեսում էր Վրաստանի մասշտաբով 85 գրասենյակ բացել: 

Ընդգծենք, որ վերջին շրջանում, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին, Վրաստանի տարբեր քաղաքներում (Մեստիայում, Խուլոյում, Շուախևիում և այլն) «Ալտ-ինֆոն» գրասենյակներ է բացում: Քաղաքացիները տարբեր ձևերով բողոքել են գրասենյակների բացման դեմ, իսկ որոշ դեպքերում պահպանողական շարժման անդամները ստիպված են եղել լքել գրասենյակային տարածքները և փակել դրանք:

Կարդացեք նաև՝

Մառնեուլցի քաղակտիվիստը՝ պրոռուսական ուժերի դեմ