Վրաստանի բնակչության ժողովրդագրական ծերացում է նկատվում

Վրաստանի բնակչության ժողովրդագրական ծերացման գործընթաց է նկատվում, այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած «Կինը և տղամարդը Վրաստանում» 2023 թվականի տվյալներում:

Տվյալների համաձայն, 2002-2023 թվականներին 65 և ավելի բարձր տարիքի կանանց մասնաբաժինը կանանց ընդհանուր թվաքանակում 15,3 տոկոսից աճել է մինչև 18,7 տոկոս, մինչդեռ տղամարդկանց մոտ նույն ցուցանիշը 10,9 տոկոսից աճել է մինչև 12,1 տոկոս:

30 տարեկանից ցածր տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին։ Սակայն 30 տարեկանից բարձր տարիքում կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, ինչը պայմանավորված է տղամարդկանց բարձր մահացությամբ։

«Երկրների ճնշող մեծամասնությունում սովորաբար ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ։ Տարիների ընթացքում նույն միտումը բավականին կայուն է եղել Վրաստանում։ Նորածին տղաների տեսակարար կշիռը կազմում է 52,0 տոկոս»,- նշված է Geostat-ի զեկույցում:

Կանանց կյանքի տևողությունը կազմում է 78,1 տարի, իսկ տղամարդկանցը՝ 69,4 տարի: