Վրաստանի դպրոցներում մարտի 8-ից գարնանային արձակուրդներ են

Վրաստանում ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային դպրոցներում  գարնանային արձակուրդները մեկնարկում են մարտի 8-ին, տևելու են մինչև մարտի 14-ը ներառյալ: 

Վրաստանում աշակերտների մեծ մասը վերադարձել է դասարաններ, 35 732 երեխա (12%) նախընտրել է հեռավար կրթության տարբերակը: Այս թիվը փոփոխվող է` կախված աշակերտների ու մանկավարժների մոտ կորոնավիրուսի նոր դեպքերի քանակից. ներկա պահին տեղային սահմանափակումներ են կիրառվում, երբ հեռավար ուսուցման է անցնում կոնկրետ դասարան:

Ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարության տեղեկատվությամբ` նախորդ շաբաթ կորոնավիրուս է հաստատվել աշակերտների 0,03%-ի ու դպրոցի աշխատակիցների 0,1% -ի մոտ: Ծնողների խնդրանքով կամ կորոնավիրուսի նոր դեպքերի պատճառով նախորդ շաբաթ հեռավար  կրթության են անցել 11 դպրոց ու 109 դասարան:

Վրաստանի դպրոցներում ընթացքի մեջ է մանկավարժների ու դպրոցական անձնակազմի պարտադիր պարբերական թեստավորումը: Շարունակվում է  նաև դպրոցների մոնիթորինգը` ռեսուրս-կենտրոնի կողմից:

Հիշեցնենք` մեծ քաղաքներում  դպրոցում դասապրոցեսը վերսկսվեց փետրվարի 15-ին: