Վրաստանի ֆոնդային բորսայում հունիսին գործարքներ տեղի չեն ունեցել

2022 թվականի հունիսը Վրաստանի ֆոնդային բորսայի (GSE) համար ավարտվել է ծայրահեղ անբարենպաստ արդյունքով՝ բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, հետևաբար միջին շրջանառությունը կազմել է 0 լարի։

Հատկանշական է, որ 0 լարիի շրջանառությունը նախորդ տարվա համար ևս բնորոշ իրադարձություն էր. 2021 թվականի մայիսին, ապրիլին, հունիսին և հուլիսին ևս գործարքներ չեն իրականացվել։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարի բորսայում իրականացվել է 104 հազար 077 լարիի (մոտ 34 հազար 692 դոլար) գործարք։

Մայիսին GSE-ի իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3 490 լարի (մոտ 1 164 դոլար), հետևաբար միջին օրական շրջանառությունը կազմել է 159 լարի (մոտ 53 դոլար)։

Վրաստանի ֆոնդային բորսան երկրում արժեթղթերի միակ կազմակերպված շուկան է՝ 24 ընկերությունների արժեթղթերով, որոնց ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմում է 750 մլն դոլար։