Վրաստանի համար միակ հեռանկարը Եվրոպան է. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունենալով Թբիլիսիի կանանց միջազգային համաժողովում, ասել է, որ Վրաստանի համար մեկ հեռանկար կա և դա Եվրոպան է։

Զուրաբիշվիլին խոսել է Վրաստանի պատմության մեջ կանանց դերի մասին և նշել, որ կանանց ներկայացվածությունը տարբեր ոլորտներում բավականին բարձր է։

«Մենք շատ վրացի էմիգրանտ կանայք ունենք։ Ցավոք, նրանք լքում են Վրաստանը։ Ինչպես գիտեք, 1,5 միլիոն վրացի ապրում է արտերկրում, նրանցից շատերը կանայք են։

Կանայք ներկայացված են բազմաթիվ ոլորտներում՝ տնտեսություն, մշակույթ, բժշկություն, ինչպես նաև կրթություն։ Նրանք համեմատաբար քիչ են ներկայացված քաղաքականության մեջ՝ բևեռացվածության, ատելության խոսքի և տարբեր դժվարությունների պատճառով»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ըստ նախագահի՝ վրացական քաղաքականությունը կոպիտ է, և սա է քաղաքականության մեջ կանանց քիչ լինելու պատճառներից մեկը։

Նշենք, որ Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ, անցկացվում է Թբիլիսիի կին առաջնորդների միջազգային հակամարտությունների, խաղաղության և անվտանգության համաժողովը։