Վրաստանի հիմնադիր ժողով․ մաս առաջին

1930 թվականին արված այս ընտանեկան լուսանկարում պատկերված է 20-րդ դարի Վրաստանի քաղաքական պատմությունը` վրացական էսէռների կուսակցության առաջնորդներից մեկը` Գրիգոլ (Գիգո) Նաթաձեն, ով 1918 թվականի մայիսի 26-ին ստորագրել է Վրաստանի անկախության հռչակագիրը և թոռները` ապագա խորհրդարանի պատգամավորներ Նոդար և Մայա Նաթաձեները նստած են ծնկներին: Նրանք 1991 թվականի ապրիլի 9-ին իրենց ստորագրությունն են թողել Վրաստանի անկախության վերականգնման հռչակագրում: Այս լուսանկարը, խորհրդանշորեն, պատկերում է Վրաստանում քաղաքական սերունդների մոտիկությունը:

70 տարում` երեք սերնդի ընթացքում, մեր հասարակության հիշողությունից դուրս են մղվել այս անձինք, որոնք 1918 թվականին հիմնադրել են Վրաստանի Հանրապետությունը: Խորհրդային ռեժիմը ոչնչացրել է այդ սերնդի գործիչների մեծ մասին, իսկ մնացածների քաղաքական անցյալը հրապարակայնորեն հիշելը վտանգավոր դարձրել:

Նման գիրք (Ազգային խորհրդի անդամների կենսագրություն) ցանկացել են հրատարակել նաև 1918-1921 թվականներին, սակայն, այն ժամանակ, ցավոք, չի հրատարակվել և Վրաստանի Հանրապետության հիմնադիր դեմքերն ու անունները անհայտ են մնացել հետագա սերունդների համար:

2014 թվականին «Խորհրդային անցյալի ուսումնասիրման լաբորատորիան» NED (National Endowment for Democracy) հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր ժողովի պատգամավորների կենսագրության ժողովածուն, իսկ դրանք հրատարակելու միջոցներ կազմակերպությունը չուներ:

2015 թվականին գրքի հրատարակման համար անհրաժեշտ միջոցներ հավաքելու համար արշավ է սկսվել: Այս գործում իրենց ներդրումն են ունեցել տարբեր կազմակերպություններ և անհատներ: Նրանց նվիրաբերություններով պատրաստվել և հրատարակվել է սույն ժողովածուն, որով, գրեթե մեկ դար անց, Առաջին Հանրապետության հիմնադիր դեմքերը վերադարձել են մեր ժամանակակիցների գիտակցություն:

Գրքի հեղինակներն իրենց երախտագիտությունն են հայտնում այն մի քանի տասնյակ կազմակերպություններին ու անհատներին, որոնց ֆիզիկական և ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել այս ժողովածուի հրատարակումը:

«Ալիք մեդիան» առաջիկայում կհրապարակի գրքի հայերեն թարգմանությունը։