Վրաստանի իշխանությունները դանդաղ սպանում են Սաակաշվիլիին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով, Վրաստանի իշխանությունները դանդաղ սպանում են երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այս հայտարարությունն արել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենի հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում։

Ասուլիսում Զելենսկին ասել է, որ իրեն լուսանկարներ են փոխանցել, որտեղ երևում է Սաակաշվիլիի ներկայիս վիճակը։

«Ես կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունն այսօր սպանում է նրան։ Դուք գիտեք, որ նրան թունավորել են, ու հիմա, կներեք, քիչ-քիչ սպանում են:

«Ես ուզում եմ, որ մամուլը տեսնի, թե ինչ է կատարվում՝ Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ հրապարակային խոշտանգում: Չեմ քննարկի այն հարցը, թե ինչու է ձերբակալվել Վրաստանի նախկին նախագահը, ինչ հետևանքներ է սա ունենալու վրացական քաղաքականության և ժողովրդավարության վրա։ Խոսքս Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության մասին է, որն ամեն օր հրապարակային խոշտանգումների է ենթարկվում։ Եվ ես կարծում եմ, որ իրենց նպատակը նրան սպանելն է»,- ասել է Զելենսկին։

Ի դեպ, Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից երեկ հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։

Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներեն, այնուհետև ցույց է տվել, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, թեև կլինիկան չի առարկի, եթե երրորդ նախագահը նման ցանկություն հայտնի։