Վրաստանի կառավարությունն աջակցում է ռուսամետ արժեքներին. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ուկրաինացի լրագրող Վասիլ Գոլովանովին տված հարցազրույցում խոսել է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների և Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքի մասին։

Պոդոլյակը նշել է, որ Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններն անհնարին են, քանի որ նրանք այլ իրականության մեջ են։

Ըստ նրա, նույնիսկ այսօր՝ պատերազմի մեկնարկից 10 ամիս անց, իրենք (վրացական իշխանությունները — խմբ.) չեն հասկանում, թե ում կողմից պետք է լինեն։ Պոդոլյակի խոսքով, վրացի ժողովուրդը մեծ սխալ է թույլ տվել՝ ընտրելով «Վրացական երազանք» կուսակցությանը։

«…Պարոն Իվանիշվիլիի կառավարությունը, որը Ռուսաստանի Դաշնությանը նայում է լայն բացած կամ փակ աչքերով, ակնկալում է լուծել էներգետիկայի հետ կապված խնդիրները, ոչ թե 2008 թվականի պատերազմի շարունակությունը, ինչը նշանակում է` վրացական տարածքների օկուպացիայի երկարաձգում»,- ասել է Պոդոլյակը:

Նրա խոսքով, Վրաստանում տարօրինակ իրավիճակ է. կառավարությունն աջակցում է ռուսամետ արժեքներին և միաժամանակ ցանկանում է մուտք գործել եվրոպական շուկա և կապ հաստատել եվրոպական փողի հետ։

Պոդոլյակը Վրաստանը համեմատել է Հունգարիայի հետ, որը, ըստ նրա՝ ցանկանում է ապրել իր կանոններով՝ Ռուսաստանի ավտորիտար արժեքների նման և միաժամանակ վայելել ազատ, ժողովրդավարական աշխարհի առավելությունները։

Պոդոլյակի խոսքով, Վրաստանը, որը նախկինում ժողովրդավարական վերափոխումների օրինակ էր, այժմ գտնվում է տարօրինակ իրավիճակում՝ բարեփոխիչ նախագահ Սաակաշվիլիին սպանում են բանտում։

Ըստ Պոդոլյակի՝ Կիևը կոչ է անում Թբիլիսիին` Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինա կամ այլ երկիր՝ բուժման նպատակով։ Նրա խոսքով, Ուկրաինան դա անում է ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական նպատակով։