Վրաստանի կրթության ոլորտում առկա մարտահրավերները պատնեշ` էթնիկ փոքրամասնությունների համար

Այսօր՝ հունվարի 24-ին, Կրթության միջազգային օրը ողջ աշխարհում նշվում է 5-րդ անգամ։ 2023 թվականին այս օրվա համաշխարհային ուղերձն է՝ «ներդրումներ կատարել՝ առաջնահերթություն տալով կրթությանը»։ Փորձագետների պնդմամբ` Վրաստանի կրթության ոլորտում թե՛ միջնակարգ, թե՛ համալսարանական խնդիրներ կան, բայց այդ խնդիրների բացասական ներգործությունը հատկապես մեծ է ու նկատելի էթնիկ փոքրամասնությունների ակտիվ զարգացման և ինտեգրման վրա։

Սոցիալական արդարության կենտրոնի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեն ընդգծում է, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության տեսանկյունից առկա են  բազում մարտահրավերներ․

«Մարտահրավերներից մեկն այն է, որ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ աշակերտը վրաց լեզվի բավարար գիտելիք չի ստանում, իսկ այնուհետև համալսարանում վրաց լեզվի ուսուցման ծրագրի  նախապատրաստական կուրսը  (1+4) բավարար չէ վրացերեն սովորելու և որոշակի ոլորտ ուսումնասիրելու համար», — ասում է Միքելաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։

Տարրական մանկավարժության շրջանավարտ, «Կրթության կառավարում» ծրագրի մագիստրատուրայի ուսանող Հռիփսիմե Նալբանդյանն «Ուսուցիչների տուն» ծրագրի կողմից նշանակված դասընթացավար է ոչ վրացալեզու դպրոցների համար։ Նա առանձնացնում է էթնիկ փոքրամասնությունների կրթությանն առնչվող մի քանի խնդիր։

«Եթե խոսում ենք ոչ վրացալեզու դպրոցների մարտահրավերների մասին, այստեղ հարկ է նշել վրաց լեզվի թերի ուսուցումը, երկլեզու կրթությունը և ընդհանուր կրթության որակը։

Միքելաձեի բարձրաձայնած խնդիրները պարզաբանում է «Ալիք Մեդիայի» հաջորդ զրուցակիցը՝ Հռեփսիմե Նալբանդյանը։ Նա ընդգծում է, որ Էթնիկ փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրների թվում, թերևս, առաջինը պետական լեզվի ուսուցման որակն է, որի պատճառով աշակերտները չեն կարողանում մասնակցել դպրոցից դուրս բազմաթիվ ծրագրերի, նախագծերի, իսկ ուսուցիչները` վերապատրաստման ծրագրերի։

«Անհրաժեշտ է, որ պետությունը նոր բարեփոխումներ ներդնի կրթության ոլորտում, առաջարկի նոր ու էֆեկտիվ ծրագրեր` աջակցելու նպատակով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների զարգացմանը կրթության ոլորտում»։

Հռեփսիմե Նալբանդյանի խոսքով՝ Վրաստանի կրթական ոլորտում հաճախ են նկատվում փոփոխություններ, որոնց նպատակը կրթական ոլորտի բարեփոխումն է, սակայն, այդուհանդերձ, խնդիրներ դեռ կան, և անհրաժեշտ է վերանայել ու վերագնահատել ստեղծված վիճակը․

«Առաջին հերթին դպրոցներում նկատվում է որոշ առարկաներից պրոֆեսիոնալ կադրերի պակաս, որն ուղիղ ազդեցություն է թողնում կրթական մակարդակի վրա։ Բուն խնդիրները տարրական դասարաններից են սկսվում, քանի որ կարծում են, թե թեմաները հեշտ են, և ցանկացած ուսուցիչ կարող է դասավանդել` ինչը միանշանակ սխալ է»։

Նա առանձնացնում է ևս մեկ մարտահրավեր` դպրոցներում գույքի և դասագրքերի անբավարար քանակը. հենց նման պատճառներով էլ դասուսուցումն անհնար է անցկացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան․

«Առանձին խնդիր է դասագրքերի տեսականին. մենք չունենք մեծ ընտրության հնարավորություն, քանի որ սակավաթիվ դասագրքեր են թարգմանվում էթնիկ փոքրամասնությունների համար։ Առարկաների մեծ մասը դասավանդվում է երկլեզու գրքերով, որոնց վրացերեն հատվածն այդպես էլ անհասանելի է մնում աշակերտին։ Այդ ամենից բացի, թարգմանված գրքերում բազում տառասխալներ ու վրիպումներ կան, որոնք նվազեցնում են աշակերտի վստահությունն ուսման նկատմամբ»։

Նալբանդյանն առաջարկում է լուծել խնդիրը պետության և համապատասխան մարմինների կողմից իրականացվող մոնիտորինգի և յուրաքանչյուր դպրոցի նկատմամբ անհատական վերաբերմունքի միջոցով։

Հիշեցնենք. 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը հունվարի 24-ը հռչակել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի։