Վրաստանի նախագահը «մեծ ողբերգություն է» որակել օպերատորի մահը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  այցելել է «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի  ընտանիք, ցավակցել հարազատներին.

«Սա մեծ ողբերգություն է` երկրի ու ինձ համար, որպես նախագահ, չխոսեմ արդեն ընտանիքի մասին: Ամեն ինչ պետք է հետաքննվի, մեղավորները` պատիժ կրեն»:

Ավելի վաղ օպերատորի մահվան առթիվ ցավակցական ուղերձ էր հրապարակել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նա ևս կատարվածը «ողբերգություն» էր անվանել, խոստանալով, որ սկսված հետաքննության արդյունքում կարճ ժամկետում հասարակությանը նոր տեղեկատվություն կտրամադրվի:

Մահվան ենթադրյալ պատճառը տրոմբոէմբոլիան է` ստացած վնասվածքներից հետո: Քրեական գործը բացվել է ստանդարտ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Հասարակության մի մասը գտնում է, որ Վրաստանի իշխանությունը պետք է պատասխան տա կատարվածի համար: Հասարակական սեկտորը գտնում է, որ անկարգությունների օրը ոստիկանությունը  պատշաճ չի կատարել պարտականություններն ու չի ապահովել տեղում լուսաբանող լրատվամիջոցների անվտանգությունը:

Շուտով Վրաստանի կառավարության դիմաց կառավարության ու ՆԳՆ-ի հրաժարականի պահանջով հանրահավաք կմեկնարկի:

Լուսանկարը` Լաշքարավայի ֆեյսբուքյան էջից