Վրաստանի որոշ դպրոցներ ռուսերենի ուսուցումից անցում են կատարել գերմաներենին

Վրաստանի դպրոցներում ազգային ուսումնական պլանի համաձայն՝ պարտադիր է ուսումնասիրել 2 օտար լեզու, առաջինն անգլերենն է, որը աշակերտներն անցնում են առաջին դասարանից, իսկ երկրորդն ընտրում են ծնողները՝ 5-րդ դասարանում։ Գորիի մունիցիպալիտետի 4 դպրոցներում ռուսերենի ուսուցումից անցում են կատարել գերմաներենին։

Գորիի մունիցիպալիտետի ռեսուրս կենտրոնի վարիչը հույս  է հայտնել, որ մյուս ուսումնական տարվանից ավելի շատ դպրոցներում կսկսեն ուսումնասիրել գերմաներենը՝ որպես 2-րդ լեզու։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը դպրոցներին կոչ է անում անգլերենից բացի առաջարկել առնվազն 2 օտար լեզու, որպեսզի ծնողներն ընտրության հնարավորություն ունենան։

Վրաստանի այլ հանրային և մասնավոր դպրոցներում ևս ուսուցանվում է գերմաներենը, որոշներում նաև ֆրանսերենը։

Նշենք, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից զգալի տուժած Գորիի շրջանում օկուպանտ համարվող Ռուսաստանի ու ռուսերենի նկատմամբ ընկալումները դրական չեն ու հավանաբար հենց դրա պատճառով էլ նկատվում է այս միտումը: