Երիտասարդներն Ախալքալաքում ծրագրեր կիրականացնեն 

Ախալքալաքում երիտասարդների կողմից կիրականացվեն համայնքը բարելավող լավագույն նախագծերը, որոնք հաղթող են ճանաչվել «երիտասարդական գաղափար» հասարակական կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը 4 երիտասարդների փոխանցեց դրամաշնորհներ` կյանքի կոչելու իրենց գաղափարները։ Նախագծերը կապված են կրթության որակի բարելավման և առողջ ապրելակերպի հետ։

Մրցութային փուլի ամփոփիչ հանդիպման ժամանակ 4 լավագույն նախագծերի հեղինակները ստացան այնքան գումար, որքան ներկայացրել էին իրենց առաջարկած նախագիծն իրականացնելու համար։ 

Հաղթող նախագծերն են՝ 

  • Մեդիագրագիտության դպրոց՝ Cool school, հեղինակ՝ Ժաննա Չոգանդարյան
  • Առողջ երիտասարդներ, հեղինակ՝ Կարեն Օքրոյան
  • Վերականգնենք Չունչխայի դպրոցի գրադարանը, հեղինակ՝ Գիա Գելաձե
  • Առողջ ապրելակերպի ներմուծում, հեղինակ՝ Անի Թաքթաքիձե

«Երիտասարդական գաղափարը» Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում գործող հասարակական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Եվրոպայի ֆոնդի կողմից` նպատակ ունենալով նպաստել հիմնախնդիրների լուծմանը և օգնել երիտասարդներին իրենց գաղափարներն իրագործելու հարցում։ 

Նախքան այս, աշխատել ենք բացահայտել Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչներին ամենաշատը հուզող խնդիրները, ըստ դրանց` հայտարարել նախագծերի թեմաները», —  «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է «Երիտասարդական գաղափար» կազմակերպության Ախալքալաքի մասնաճյուղի ֆինանսների մենեջեր Ելենա Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ հարցման արդյունքում բացահայտվել է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակիչներին անհանգստացնող խնդիրներն են՝ կրթության որակը, առողջ ապրելակերպը, մնացորդների վերամշակումը։ 

«Այժմ, երբ աշխարհում խառը իրավիճակ է, շատերն են դառնում ապատեղեկատվության զոհ, ուստի որոշեցինք ներկայացնել մեր գաղափարը և օգտակար լինել երիտասարդներին մեդիագրագետ լինելու հարցում։ Իմ նախագծի շրջանակներում ծրագրում ենք թեմայի շուրջ Ախալքալաքի շրջանի 10 գյուղերում դասընթաց անցկացնել», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է հաղթած ծրագրի հեղինակներից Ժաննա Չոգանդարյանը:

Կուլիկամ գյուղից 20-ամյա Ժաննան, ով նաև նախկինում եղել է «Ալիք մեդիայի» ստաժորը, նշում է, որ միանգամյա դրամաշնորհով հնարավոր չէ մեծ արդյունքի հասնել, սակայն սա սկզբի համար մեծ հնարավորություն է։

«Ուզում ենք նաև երիտասարդներին ծանոթացնել մեդիա ասպարեզին, բազային գիտելիքներ տրամադրել հետևյալ ոլորտներում՝ լուսանկարչություն, տեսանյութերի նկարահանում, հոլովակների պատրաստում, մոնտաժ և այլն», -ասում է նա` հավելելով, որ նախատեսված է ծրագրում ընդգրկել մոտ 150 երիտասարդի»:

Մեկ այլ նախագծի հաղթող Անի Թաքթաքիձեն, ապրում է Ախալքալաքի շրջանի Գոգաշեն գյուղում, 16 տարեկան է, ծրագիր է իրականացում առողջ ապրելակերպի մասին` նշելով, որ իր գյուղում շատերն ունեն վատ սովորություններ։

«Մեր գյուղում երիտասարդների համար զբաղմունք չկա, ուստի շատերը տարված են ծխելով, ոգելից խմիչներ օգտագործելով, այդ իսկ պատճառով ներկայացրեցի նախագիծ, որ իմ գյուղի սպորտդահլիճում դրվեն նոր պարագաներ։ Սակայն դա դեռ ամենը չէ, քանի որ նախագիծը իրենից ենթադրում է նաև սպորտային միջոցառումների իրականացում, որն իր հերթին կոգեշնչի երիտասարդներին` զբաղվել սպորտով և լինել առողջ» — նշում է Թաքթաքիձեն։