Վրաստանի փոխարեն Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր մեկնեք. դումայի պատգամավորը ռուս զբոսաշրջիկներին

«Վրաստանում ոչ մի գործ չունենք»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պետական դումայի սպորտի, տուրիզմի և երիտասարդական գործերի հանձնաժողովի նախագահ Միխաիլ Դեգտիարովը:

Ժիրինովսկիի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամը Ռուսասանի քաղաքացիներին կոչ է արել Վրաստանի փոխարեն Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր մեկնել:

Դումայի պատգամավորը ճիշտ է համարել Վրաստանի հետ ավիաչվերթների դադարեցման մասին ընդունված որոշումը, քանի որ նրա կարծիքով Վրաստանում պաշտպանված չէ զբոսաշրջիկների անվտանգությունը: Մոսկվայում անցկացված գիտաժողովում Դեգտիարովը հայտարարել է, որ ռուսները վրաստանյան ուղղությունը հաջողությամբ կփոխարինեն Հյուսիսային Կովկասի մատչելի հանգստավայրերով:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում վրաց-ռուսական հարաբերությունների լարվածության արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ավիաընկերություններին արգելվեց հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։