Վրաստանի տարածքով ռուս-թուրքական առևտուրը կակտիվանա

Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են վերանայել 34 տարի առաջ ստորագրված ցամաքային տրանսպորտի մասին համաձայնագիրը, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի փոխարտգործնախարար Փարուք Քայմաքչիի հայտարարությունը։

Ըստ տեղեկության՝ նոր փաստաթղթի ստորագրումը կմեծացնի Վրաստանով ցամաքային բեռնափոխադրումների նշանակությունը Ռուսաստանում, իսկ մաքսային ընթացակարգերի պարզեցումը կնպաստի երկկողմ առևտրի ծավալների աճին։

Համաձայնագիրը, որը ստորագրվել է խորհրդային տարիներին, պետք է հարմարեցվի ներկայիս իրականությանը, գրում է թուրքական «Yeni Şafak» (Յենի Շաֆակ) լրատվամիջոցը։

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ Փարուք Քայմաքչին ասել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել Ռուսաստանում՝ հիմնականում Ուկրաինայի տարածքով ցամաքային փոխադրումների հետ կապված, իսկ նոր փաստաթղթի ստորագրումն այդ խնդիրները լուծելու հնարավորություն կտա։

Նոր համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է 6 տոննայից պակաս բեռ տեղափոխող տրանսպորտի համար տարանցիկ փաստաթղթերի անհրաժեշտության վերացում։ Դրանից բացի, հնարավորություն կստեղծվի օգտագործելու էլեկտրոնային տարանցիկ փաստաթղթերը ցամաքային տրանսպորտի համար:

Ի դեպ, ռուս-վրացական ցամաքային սահմանին բավականին հաճախ բազմակի կիլոմետրանոց խցանումներ են լինում։ Երկրների միջև բեռնաշրջանառության զգալի աճը, այդ թվում՝ տարանցիկ բեռների հաշվին, նկատելի է հատկապես Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։