Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ։

Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության օրակարգը և այդ գործընթացում Վրաստանի ձեռնարկած քայլերը։

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաև կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի կատարած քայլերը, նաև դրական է գնահատվել Վրաստանի և ԵՄ գործակալությունների միջև համագործակցության դինամիկան, ինչպիսիք են՝ EUROPOL-ն ու  Frontex-ը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարները և հաստատել սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Հասմիկ Պետրոսյան, ստաժոր