Վրաստանի «վարակ տարածող միջատները». ՌԴ-ի նոր մեղադրանքը

Ռուսաստանը կրկին հայտարարել է, որ Թբիլիսիում ԱՄՆ-ի կողմից կառուցված Լուգարի լաբորատորիան վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար՝ այս անգամ «վարակ տարածող միջատների» տեսքով։ 

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ասել է, թե «հրապարակված նյութերը թույլ են տալիս նոր հայացք նետել Ռուսաստանի հարավում տիրող կենսաբանական իրավիճակին»։ 

Ռուսական պետական TASS գործակալության տվյալներով՝ Կիրիլովը ելույթի ժամանակ սլայդով ներկայացրել է «խոզի աֆրիկյան վարակի տարածումը՝ Վրաստանից՝ Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա և Չինաստան»։ 

«Այդ երկրների տարածքներում կենդանիների նմուշներում հայտնաբերվել են խոզերի աֆրիկյան ժանտախտ վարակի շտամներ, որոնք նույնական են «Վրաստան-2007» շտամին։ Հավանաբար կարելի է ասել, որ այս շտամը ստեղծվել է Պենտագոնի հետ կապված կենսալաբորատորիաներից մեկում», — ասել է Կիրիլովը։ 

Ըստ Կիրիլովի՝ «Լուգարի կենտրոնի դիսլոկացիայի տարածքում հատկապես վատթարանում է իրավիճակը, ինչը կապվում է միջատների կողմից հիվանդությունների տարածման հետ»։ 

Ռուսական կողմը նշել է, որ փոխվում է միջատների տարբեր տեսակների տարածման միջավայրը, և միջատները, որոնք մինչ այժմ գոյություն ունեին միայն հարավային երկրներում, այժմ նրանց տարածումը նկատվել է Վրաստանից մինչև Ռուսաստանի Դաշնություն։ 

Կիրիլովի խոսքով՝ Պենտագոնը օդաչուական ինքնաթիռներ է օգտագործում՝ վարակված միջատներին օդում տարածելու համար։ 

Նշենք, Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ֆոնին ռուսական կողմը վերջերս ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե Ուկրաինայում և Վրաստանում գործող լաբորատորիաներից չղջիկների միջոցով վարակ են տարածում։ 

Կարդացեք նաև՝ 

Ուկրաինայի ու Վրաստանի չղջիկները՝ «վարակ տարածողներ»