Վրաստանի վարչապետը հանդիպել է Գերմանիայի կանցլերին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին։

Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության մամուլի ծառայությունը` նշելով, որ հանդիպմանը կողմերը ընդգծել են Վրաստանի և Գերմանիայի միջև տարբեր ուղղություններով սերտ համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները։

Տեղեկության համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Գերմանիան կշարունակի աջակցել Վրաստանի արտաքին քաղաքական հիմնական նպատակներին։

Հանդիպմանը նշվել է նաև Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը, որտեղ դրական է գնահատվել Վրաստանի ձեռք բերած առաջընթացը Վրաստանի ազգային օրենսդրական բազայի՝ Եվրամիության օրենսդրության հետ համատեղելիության առումով։

«Նշվել է, որ այս տարի մարտին Բեռլինի համաշխարհային զբոսաշրջության փառատոնի՝ ITB Berlin-ի հյուրընկալող երկիրը Վրաստանն է։ Վարչապետը նշել է, որ փառատոնը ոչ միայն երկրի տեղեկացվածությունը բարձրացնելու և ավելի շատ այցելուներ ներգրավելու հիանալի միջոց է, այլև կնպաստի Վրաստանի զբոսաշրջության ոլորտը միջազգային մասշտաբով էլ ավելի զարգացնելուն», — նշված է տեղեկության մեջ։

Վարչապետը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերին հրավիրել է Վրաստան։