ԵՄ-ին ինտեգրվելու Վրաստանի կատարած քայլերը` Ղարիբաշվիլի-Լեյեն հանդիպման օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, փոխանցում է Վրաստանի կառավարությունը:

Նշվում է, որ Ղարիբաշվիլի-Լեյեն հանդիպմանը քննարկված հիմնական հարցերն են եղել Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի ձեռնարկած քայլերը և տարածաշրջանում անվտանգային միջավայրը։

Ըստ տեղեկության՝ հանդիպմանը Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի նախագահին մանրամասը տեղեկություն է ներկայացրել 12 առաջնահերթությունների կատարման ընթացքի մասին, որոնց մեծ մասն ամբողջությամբ կատարվել է, իսկ որոշ օրենսդրական ակտեր ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության։

«Այստեղ կարևորվել է Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կողմից վերջերս հրապարակված վերլուծական զեկույցը, որն արտացոլում է Վրաստանի զգալի առաջընթացը ազգային օրենսդրության՝ ԵՄ օրենսդրության հետ համապատասխանության առումով», — նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ժամանակ Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովը՝ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ, կշարունակի աջակցել Վրաստանին, և այս տարի կկայացվի ևս մեկ պատմական որոշում՝ Վրաստանին շնորհել վաստակավոր թեկնածուի կարգավիճակ։

«Վարչապետը և Եվրահանձնաժողովի նախագահը խոսել են նաև Վրաստանի նախաձեռնած սևծովյան նախագծի կարևորության մասին։ Կողմերը նշել են, որ այս նախագիծը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և ԵՄ-ի և Հարավային Կովկասի տարածաշրջանի միջև տարանցման և առևտրի հնարավորությունների ավելացմանը:

Զրույցում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային և նրա ազդեցությանը Վրաստանի, տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա», — նշված է հաղորդագրության մեջ: