Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջին հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության պաշտոնական կայքէջից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Վրաստանի կառավարության ղեկավարն առանձնացնում է հարևան երկրների միջև առկա բարեկամությունն ու սերտ համագործակցությունը:

Բախտաձեն նաև երախտագիտություն է հայտնել իր հայ գործընկերոջը Վրաստանի անկախության օրը շնորհավորելու համար:

«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին։ Հատկանշական է, որ Վրաստանն ու Հայաստանը ժամանակակից ժողովրդավարական պետությունների հիմքը միասին դրեցին ավելի քան մեկ դար առաջ, այսօր էլ հետևողականորեն շարունակելով զարգացնել և ամրապնդել:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրների միջև ջերմ բարեկամության և սերտ համագործակցության համար: Հուսով եմ, որ մեր անկեղծ երկխոսությունն ու փորձի փոխանակումը կխթանեն Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները, ինչը զարգացման նոր փուլ թևակոխելով, դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործում:

Ձերդ գերազանցություն, ևս մեկ անգամ հաստատում եմ իմ խորին հարգանքը՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք երկրի բարեփոխումների իրականացման ճանապարհին», — ասել է Մամուկա Բախտաձեն: