Թբիլիսիում տապալվել է «JamFest» միջազգային ռոք-փառատոնը

Հունիսի 4-ին Թբիլիսիում մեկնարկած միջազգային «JamFest» փառատոնը խափանվել է հոգևորականների բողոքների պատճառով:

 Արդեն ավանդույթ դարձած   միջոցառմանը մասնակցելու նպատակով  ժամանել էին մի շարք երկրների`  Շվեդիայի,  Իսրայելի,  Ուկրաինայի,  ինչպես նաև Վրաստանի,  Ադրբեջանի ու  Հայաստանի հայտնի ռոք խմբերը:   «Ոչ բռնությանը» կարգախոսով կազմակերպված միջոցառումը, սակայն, ընդհատվեց ռոքը  «կազանտիպ» է մեղադրանքներով:

Իսկ ռոքի ու ալտերնատիվ երաժտության սիրահարները հույս ունեին, որ երաժտական աննախադեպ երեկո է սպասվում: Հայաստանը փառատոնի առաջին օրը  ներկայացրեց «Էիֆորիա» խումբը: Միջոցառման կազմակերպիչներից Իրինա Դմիտրևայի խոսքով ` փառատոնի  նպատակը բռնության դեմ մարդկանց համախմբելն  է.

«Արդեն 4-րդ տարին է` «JamFest»-ը կազմակերպվում է Վրաստանում: Այն ընդգրկում է մեր տարածաշրջանի 3 պետությունները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Մենք միավորում ենք  ռոքի ու մետալի սիրահարներին: Մեր կարգախոսն է` ոչ բռնությանը: Նշանակում է`  այս ամենը տեղի է ունենում լավ  կարգախոսի ներքո:  Միջոցառման  հաղթողը մեկնում է Գերմանիա`մասնակցելու Վագենում հայտնի մետալի փառատոնին: Այնպես է ստացվել, որ  վերջին  3 տարիներին հաղթել են Վրաստանի ներկայացուցիչները: Այժմ անհամբերությամբ  սպասում ենք,  թե ով է  այս տարի ներկայացնելու տարածաշրջանը Գերմանիայում: Հույս ունեմ,  որ մեր փառատոնի յուրաքանչյուր խումբ կհաղթի: Մեր նպատակն է համախմբել մարդկանց բռնության  դեմ»:
Ադրբեջանական  «Պայրվիդ» խմբի մենակատար Նիջատը, որ  արդեն երկրորդ անգամ է մասնակցում  «Ջեմ ֆեստ»  փառատոնին,  այս անգամ ներկայանում է այլ խմբի կազմում.

«Ես սկսել եմ նվագել հարվածային գործիքների վրա: Ավելի ուշ  սկսեցի նաև երաժշտություն  գրել: Առաջին  3 ալբոմս բոլոր գործիքների համար է: Այնուհետև ծանոթացա մեր խմբի Ռամինի հետ,  շուտով` այս  համերգից հետո,  լույս կտեսնի մեր համատեղ  ալբոմը:   Ադրբեջանում ռոքն  այնքան էլ զարգացած չէ,  իսկ այստեղ յուրաքանչյուր  երաժիշտ հնարավորություն ունի դրսևորել իրեն: Ողջունելի է, որ  Վրաստանում տեղի են ունենում նման համերգներ. լսել եմ,  որ այստեղ հանդես է եկել նաև Սեպուլտուրա խումբը: Սրանք այն խմբերն են,  որոնց երաժշտության ներքո ենք մեծացել:   Հուսով եմ,  որ էլեկտրականությունը կվերականգնվի,  և մենք կշարունակեն ծրագիրը»:

Տարածքում  հետզհետե թեժանում էր մթնոլորտը: Կրքերը  թեժանում էին  նաև «կուլիսների» հետևում: Հարևանությամբ գտնվող Զահեսի սրբ. Գիորգի մենաստանի ներկայացուցիչները  պահանջում էին դադարեցնել  միջոցառումը. Մենաստանի միանձնուհիներից մեկը, դիմելով համերգի մասնակիցներին, ասաց,

«Այս տարածքին շատ մոտ է  գտնվում  մենաստանը`  իր  հրաշագործ սրբապատկերներով: Մյուս կողմում  գերեզմանատունն է, որտեղ հանգչում են իմ և ձեր հասակակիցները. ես տեսել եմ, թե  նրանց մայրերն ինչպես են ողբում այստեղ` զավակների համար: Վիրավորական է,  որ այս մենաստանի ու  գերեզմանոցի  կողքին  համերգ է կազմակերպվում»:

Ընդամենը մի քանի երգ էր հնչել, երբ տարածքում անսպասելիորեն մարեց  էլեկտրականությունը:  Ռոքի  սիրահարները  համբերատար սպասում էին` հուսալով,  որ  տեխնիկական խոտան է, որը շուտով կհարթվի: Սակայն,  ինչպես նշեց միջոցառման գլխավոր կազմակերպիչներից Էռնստ Խիչումովը, փառատոնն  ընդհատեցին  հոգևորականները.

«Ցավոք, հոգևորականների մի մասը, ովքեր ավելի ագրեսիվ էին տրամադրված, անհասկանալի պատճառներով  պահանջեցին ընդհատել համերգը: Այստեղ են գտնվում մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր:  Խաղաղ համերգ է` «ոչ բռնությանը» կարգախոսով: Նրանք սպառնալով պահանջեցին ընդհատել համերգը: Իսկ պատճառն, ինչպես ասացին, ռոք կազանտիպ է:  Նրանց  համար կազանտիպը անբարոյականություն է: Պարզ է` թե ինչ էր տեղի ունենում այստեղ. մարդիկ երաժշտություն էին լսում, ամեն ինչ նոր էր սկսվում: Իսկ  Ոստիկանությունը զբաղված էր անգործությամբ: Մենք այս տարածքում  իրավունք ունենք բռնության դեմ ակցիաներ և միջազգային փառատոններ կազմակերպենք: Իմ կարծիքով` այս մաքսային տերմինալի տնօրինությունը  ահաբեկվել է  հոգևորականների ու  տեղի բնակչության  կողմից, արդյունքում անջատելով  էլեկտրականությունը»,- Ալիքի հետ զրույցում ասաց ռոք փառատոնի կազմակերպիչը, նշելով նաև, որ  մեծ վնասներ են կրել, որի համար  փոխհատուցում են պահանջելու:

Ի դեպ,  նշենք, որ համերգը տեղի էր  ունենում Թբիլիսիի քաղաքապետարանի և Իսրայելի դեսպանատան աջակցությամբ: Հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով ժամանած  ուկրաինական «Ջինջեր»  խմբի մասնակիցների համար տեղի ունեցածը ուղղակի անընդունելի էր:

«Մեզ համար անհասկանալի իրավիճակ է: Կրոնական ֆանատիկները ուղղակիորեն խթանեցին համերգը` պատճառաբանելով, թե փառատոնը տեղի է ունենում գերեզմանատան մոտ: Սա շատ տարօրինակ է: Ինչպես հասկանում եմ` Վրաստանում եկեղեցու ուժն ավելի  զորեղ է, քան օրենքինը: Օրինակ,  մենք մի քանի ամիս  առաջ ելույթ ունեցանք Ավստրիայում` եկեղեցու տարածքում՝ եկեղեցու աջակցությամբ: Տեղի հոգևորականը ասում էր, որ դեմ չէ մշակույթի զարգացմանը: Իսկ այստեղ մենք ականատես ենք բոլորվին  հակառակ պատկերի»,- ասաց  խմբի բասկիթառահար Եվգենի Ջինջերը:

Միջոցառման կազմակերպիչները  ստիպված են գտնել փառատոնի անցկացման այլընտրանքային տարբերակ:  Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ կշարունակվի «JamFest» միջազգային փառատոնը:

Թողնել պատասխան