Ընտրությունների 2-րդ փուլի անցկացման վերջնաժամկետը հունիսի 13-ն է

Վրաստանում միջանկյալ ընտրություններում երկրորդ փուլի անհրաժեշտություն առաջացավ միայն Թբիլիսիի Մթածմինդայի ընտրատարածքում, այն անցկացնելու վերջնաժամկետը հունիսի 13-ն է: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակ Անա Միքելաձեն:

Վերջինի հայտարարությամբ, ընտրությունների արդյունքների վերջնական հաշվարկը ընտրական հանձնաժողովը պետք է ավարտի մինչև մայիսի 30-ը:

«Օրենսդրության համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովները ընտրության արդյունքները պետք է ամփոփեն ընտրության օրվանից ոչ ուշ, քան 11 օրը: Երկրորդ փուլի ամսաթիվը նշանակում է ԿԸՀ-ն: Հունիսի 13-ից հետո ընտրությունների երկրորդ փուլ չի անցկացվի»,- հայտարարել է Միքելաձեն:

Հիշեցնենք, Մթածմինդայում միջանկյալ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն եղավ, երբ այդ շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց Վրաստանի նախագահի պաշտոնը: Երկրորդ փուլում պատգամավորական մանդատի համար կպայքարեն Լադո Կախաձեն՝ «Վրացական երազանք»-ից և Շալվա Շավգուլիձեն՝ «Եվրոպական Վրաստան և Ազատ դեմոկրատներ» դաշինքից:

Կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ է տարել «Վրացական երազանք»-ը։