Զուրաբիշվիլին Զելենսկիին հրավիրել է Վրաստան

Ուկրաինայի նախագահի վարչակազմը Վլադիմիր Զելենսկիի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպման մասին հայտարարություն է տարածել:

Տեղեկատվության համաձայն կողմերը զրուցել են վրաց-ուկրաինական  համագործակցության, դրանց առաջնահերթությունների, ինչպես նաև ռազմավարական հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կշարունակի առաջ շարժվել արտաքին քաղաքական նույն կուրսով, որն ուղղված է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և եվրատլանտյան ինտեգրացիայի զարգացմանը:

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար կարևոր մարտահրավեր է կոռուպցիայի հաղթահարումը, այդ հարցում, ըստ նրա, Վրաստանն օրինակ է ծառայում:

Իր հերթին Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է միավորեն  ջանքերը ՆԱՏՕ-ին անդամագրվելու և եվրաինտեգրացիայի ճանապարհին: Վերջում,  Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Զելենսկիին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան:

Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին երեկ մասնակցել է Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը։