Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնական այցով Իսլանդիայում է

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, առաջին պաշտոնական այցով մեկնել է Իսլանդիա։ Պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Զիլփիմիանին և հանձնաժողովի անդամ Գիվի Միքանաձեն։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Բիրկիր Արմանսոնի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորդիս Գիլֆադոտիրի հետ։

Իսլանդիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլոզ Սամխարաձեն խոսել է Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ներքաղաքական գործընթացների, խորհրդարանական համագործակցության, տարածաշրջանում առկա մարտահրավերների և Վրաստանում իրականացվող բարեփոխումների մասին։ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով՝ Իսլանդիայի խորհրդարանի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանին և ընդգծել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։ 

Իսլանդիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրավիճակը սևծովյան տարածաշրջանում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, տարածաշրջանի անվտանգության հարցերը և երկկողմ հարաբերությունները։ Ուշադրություն է դարձվել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին և դրա կարևորությանը Վրաստանի համար։ 

Իսլանդիայի արտգործնախարարը վերահաստատել է Իսլանդիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կարևորությունը։