Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։

Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում Շալվա Պապուաշվիլին կմասնակցի հունվարի 26-ին նախատեսված ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի (NGC) նիստին։

Պատվիրակության կազմում են նաև Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։