Ոստիկանի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական բռնություն մետրոյում. տեսանյութ

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge

Թբիլիսիի մետրոյում ոստիկանի կողմից ծեծի ենթարկված հաշմանդամություն ունեցող անձն անչափահաս է:

Հունվարի 24-ին TV Pirveli-ն հրապարակեց կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկում ոստիկանը ծեծում քաղաքացուն։

Կադրերում լսվում է նաև, որ ոստիկանին ասում են քաղաքացու հաշմանդամություն ունենալու մասին` խուլ ու համր է:

«Սա՞ է խուլ ու համր: Հիմա խոսեցնեմ», — ի պատասխան ասում է ոստիկանն ու ֆիզիկական բռնություն գործադրում քաղաքացու վրա։

Բռնության կադրերում երևում է, որ մոտակայքում կանգնած է մեկ այլ ոստիկան, սակայն չի միջամտում գործընկերոջ գործողություններին։

Շարժասանդուխքով բարձրանալուց հետո ոստիկաններն անչափահասին տանում են մետրոյի կայարանի ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ անչափահասի դիմադրությանն ի պատասխան սկսում են հարվածել նրան:

«Կտտանքների ենթարկող համակարգ». նման գրությամբ պաստառներով մի շարք քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ցույց են արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ, ապա քայլերթով գնացել դեպի Ներքին գործերի նախարարության շենք։ Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Վրաստանի այլ քաղաքներում:

Հայտնի է, որ Պետական ​​տեսչությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։ Իսկ այսօր արդեն հայտարարություն են տարածել` նշելով, որ դեպքի առթիվ ձերբակալված են Ներքին գործերի նախարարության երկու աշխատակից: