Թբիլիսիում կանանց համերաշխության երթ է անցկացվել

Թբիլիսիում կանանց համերաշխության երթ է անցկացվել ընդդեմ անհավասարության, բռնության, ճնշումների և ահաբեկչության։ Համերաշխության երթը մեկնարկել է Աղմաշենեբելիի պողոտայից և ավարտվել «Մայրենի լեզվի» («Դեդաենիս պարկի») այգում։

Կանանց համերաշխության երթի անդամները նշել են, որ պետությունը ստանձնել է տեղական և միջազգային պարտավորություններ՝ հասնելու գենդերային հավասարության, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման 12 կետից բաղկացած ծրագրի շրջանակներում, սակայն կանանց նկատմամբ դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքը չի նվազել։

Երթի մասնակիցները կոչ են արել քաղաքական գործիչներին հրապարակայնորեն զերծ մնալ կանանց նկատմամբ բռնությանը նպաստող հայտարարություններից։

Ի դեպ, մինչ երթի մեկնարկը ներկա է եղել նաև հանրային պաշտպան Լևան Իոսելիանին: Հանրային պաշտպանը նշել է՝ առաջնային է կանանց կարգավիճակը, իրավունքների պաշտպանությունը։

«Ես համերաշխություն եմ հայտնում այս ակցիային, անթույլատրելի է կանանց նկատմամբ բռնությունը։ Ես համերաշխ եմ բռնության ենթարկված բոլոր կանանց հետ։ Կանանց կարգավիճակը, իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է, դրա համար էլ այստեղ եմ», — նշել է Իոսելիանին: