Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ Ջավախքում

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 13-ից սկսեց շրջաններում քննարկումներ անցկացնել սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ: Քննարկումները անցկացվում է համամասնական ընտրական համակարգին անցնելու մասին սահմանադրական նախագծի համընդհանուր-ժողովրդական հանձնաժողովը՝ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակն այցելեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան և բնակիչների հետ հանդիպում ունեցավ Ախալցիխեում՝ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում:

Ախալցիխեից հետո Թալակվաձեն այցելեց նաև Ախալքալաք և Նինոծմինդա: Նրան ուղեկցում էին նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավոր Հենզել Մկոյանը և շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

Խորհրդարանի խոսնակը սահմանադրական փոփոխությունների մասին զրուցեց շրջանի բնակիչների և հանրային ծառայողների հետ՝ վստահեցնելով, որ ապագա խորհրդարանում անպայման կլինեն ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորներ:

Հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 30-ը երկրի ողջ մասշտաբով 11 հանրային հանդիպում կանցկացնի:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում հունիսի 20-ին մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների պահանջներից մեկը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բավարարեց, ըստ որի 2020 թվականին խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով, 0-ական շեմով և առանց դաշինքների: Համապատասխան օրինագծով փոփոխություններ կմտցվեն Վրաստանի սահմանադրության մեջ:

Սահմանադրական փոփոխությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: