Վրաստանից ԵՄ արտահանումը նվազում է, ԱՊՀ՝ աճում

Վրաստանից Եվրամիություն արտահանումը նվազում է, գրում է տնտեսական հարցերով լրատվություն հրապարակող Business Media Georgia-ն: Տեղեկության համաձայն, 2023 թվականի 6 ամսում ԵՄ-ում Վրաստանից արտահանվել է 398 մլն դոլարի ապրանք, ինչը 8 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) զեկույցի՝ նվազումը հիմնականում պայմանավորված է պղնձի հանքաքարի և ընկույզի արտահանման ծավալների նվազմամբ։ Արդյունքում, Վրաստանի 3 միլիարդ դոլար արժողությամբ արտահանման մեջ ԵՄ-ի մասնաբաժինը կազմել է ընդամենը 13 տոկոս:

2023 թվականի առաջին կիսամյակում ԵՄ անդամ երկրներից Վրաստանի արտահանման առաջին տասնյակում ընդգրկված են միայն երկու երկրներ՝ Բուլղարիան (146 միլիոն դոլար, ութերորդ տեղ) և Իսպանիան (53 միլիոն դոլար, իններորդ տեղ):

Ընդհանուր առմամբ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնաբաժինը արտահանման մեջ կազմում է 63 տոկոս, ինչը 23 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընթացիկ տարում Վրաստանից ԱՊՀ արտահանվել է 1,92 մլրդ դոլարի ապրանք, որի կեսը ստացվում է թեթև մեքենաների վերաարտահանումից։

Ըստ Geostat-ի՝ ԱՊՀ երկրներից Վրաստանի հիմնական արտահանման շուկան Հայաստանն է, որտեղ առաջին կիսամյակում արտահանվել է 440 մլն դոլարի ապրանք (122 տոկոս աճ), երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 413 մլն դոլար արտահանմամբ (44 տոկոս աճ), երրորդում՝ Ռուսաստանը՝ 344 մլն դոլար արտահանմամբ, որտեղ աճը կազմում է 34 տոկոս։