Վանկուվեր քաղաքում, ՖԻՖԱ-ի 76-րդ կոնգրեսից առաջ կայացած կազմակերպության խորհրդի նիստում որոշվել է, որ «2029 թվականի Մ-20 (մինչև 20 տարեկան) աշխարհի առաջնությունը Վրաստանն ու Հայաստանը կհյուրընկալեն համատեղ»։
Հարևան երկրները մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը ներկայացրել էին 2024 թվականի հունիսին։ Այս որոշման մասին հայտնի է դարձել Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ, որտեղ ելույթ են ունեցել Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները.
«Իսկապես նշանակալի իրադարձություն է. անկախ վրացական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալենք ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող համաշխարհային մակարդակի մրցաշար։ Մեր երկրների և ֆուտբոլի համար սա շատ կարևոր առաջնություն է, և ուրախ եմ, որ միասին ենք աշխատելու այս նախագծի շուրջ։ Շնորհավորում եմ ֆուտբոլի բոլոր երկրպագուներին և համոզված եմ, որ այս մրցաշարը նույնպիսի հետք կթողնի մեր ֆուտբոլի զարգացման գործում, ինչպես թողեցին այն միջազգային մրցաշարերը, որոնց հյուրընկալման դրական փորձն ունեցանք վերջին շրջանում», — հայտարարել է ՎՖՖ նախագահ Լևան Կոբիաշվիլին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ այս մրցաշարի հյուրընկալումը երկու ֆեդերացիայի համար էլ մեծագույն նշանակություն ունի, և նա հույս է հայտնել, որ երկու հարևան երկրներն էլ արժանապատվորեն կհյուրընկալեն մրցաշարի մասնակիցներին։
Հատկանշական է, որ սա անկախ Վրաստանի համար ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող համաշխարհային մակարդակի առաջին մրցաշարն է՝ Մ-20 աշխարհի գավաթի ձևով։
Հյուրընկալող քաղաքների, մարզադաշտերի և մրցաշարի հետ կապված այլ կազմակերպչական-տեխնիկական մանրամասների մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ մինչ այժմ Վրաստանը հյուրընկալել է ՈւԵՖԱ-ի մակարդակի այնպիսի մրցաշարեր, ինչպիսիք են Մ-19 Եվրոպայի առաջնությունը 2017 թվականին և Մ-21 Եվրոպայի առաջնությունը 2023 թվականին, որտեղ Վրաստանի հետ համահյուրընկալող էր Ռումինիան։
ՖԻՖԱ-ի Մ-20 մունդիալն անցկացվում է 1977 թվականից՝ երկու տարին մեկ անգամ, և եզրափակիչ փուլին մասնակցում է 12 թիմ։ Խաղարկության վերջին հաղթողը Մարոկկոյի Մ-20 հավաքականն է։