Երբ մեր երկու հարևանները սպանում են իրար, Վրաստանը ոչ թե դեր, այլ պարտավորություն ունի. Գվարիշվիլի

«Ստեղծված իրավիճակում, երբ մեր երկու հարևանները սպանում են իրար, Վրաստանը ոչ թե դեր, այլ պարտավորություն ունի. պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն` որպես խաղաղարար: Ոչ միայն արտահայտվել ու ինչ-որ ցանկություններ հղել, այլ պետք է մեր զորքերն ուղարկել, ստիպել երկու կողմին էլ` դադարեցնել իրար սպանելը»:

Այս կարծիքին է վրաց ռազմական փորձագետ Ալեքսանդր Գվարիշվիլին: Ըստ նրա` Վրաստանի խաղաղապահ զորքը ընդունելի տարբերակ է հակամարտող երկու երկրի համար էլ, ոչ ռուսական, ոչ էլ թուրքական բանակն է: Եթե Վրաստանն իր տղաներին Աֆղանստան ու Հարավսլավիա է ուղարկում, ինչու նրանց չուղարկել մեր հարևանների մոտ, որտեղ երկու կողմից էլ մեր եղբայրներն են զոհվում` հարց է տալիս  փորձագետը:

Ռազմական փորձագետն ակնարկում է` 2  երկրի նկատմամբ էլ Վրաստանը լծակներ ունի: Ադրբեջանի դեպքում նավթն է, Հայաստանի դեպքում` ճանապարհը: Կոչերի ժամանակն ավարտվել է, դրանք օգուտ չբերեցին: Պետք է ամեն կերպ ստիպել` դադարեցնել կրակը: Պաշտոնական հրավերը բավարար չէ կողմերին բանակցության սեղանին բերելու համար:  Գործնական քայլերին դիմելուն իր հերթին պանդեմիան ու Վրաստանի խորհրդարանական ընտրություններն էլ են խանգարում, ենթադրում է Գվարիշվիլին:

Ըստ նրա` Վրաստանը դեռևս չի գիտակցում իր՝ տարածաշրջանային առաջնորդի պատասխանատվությունը, իսկ այդ պատասխանատվությունը ստանձնելուն այլընտրանք չկա: