Վրաստանում ապրիլին գրանցվել է 12,8 տոկոս գնաճ

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ ապրիլին Վրաստանում գրանցվել է 12,8 տոկոս գնաճ։ Տարեկան կտրվածքով սննդամթերքի և տրանսպորտի ոլորտներում արձանագրվել է գների կրկնակի աճ։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գներն աճել են 21,3 տոկոսով, մասնավորապես՝ բանջարեղեն և այգեգործություն (46,2 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (28,8 տոկոս), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ոգելից խմիչքներ և բնական հյութեր (24,1 տոկոս), ձեթ և յուղ (20,8 տոկոս), շաքարավազ, մուրաբաներ և այլ քաղցրավենիք (19,3 տոկոս), ձուկ (18,9 տոկոս), կաթ, պանիր և ձու (18,0 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (17,6 տոկոս), մրգեր և խաղող (14,4 տոկոս), միս և մսամթերք (10,9 տոկոս): 

Տրանսպորտային խմբում գներն աճել են 22,4 տոկոսով՝ արտացոլելով ընդհանուր ցուցանիշի 2,7 տոկոսային կետով աճը։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ անձնական տրանսպորտային միջոցների շահագործում (29,1 տոկոս), տրանսպորտային ծառայություններ (10,8 տոկոս) և տրանսպորտային միջոցների ձեռքբերում (3,9 տոկոս)։

Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ ոլորտում արձանագրել է գների 9.4 տոկոս աճ։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ բնակարանների ընթացիկ սպասարկում և վերանորոգում (14,4 տոկոս), էլեկտրաէներգիա, գազ և այլն (11,2 տոկոս) և բնակարանների վարձավճար (6,5 տոկոս):

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 2-ին կայացած կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ տնտեսությունն աճում է և առաջին եռամսյակում գրանցվել է 14,4 տոկոս աճ։