Վրաստանում բնակվող հայ համայնքը հանդիսանում է այն կամուրջը, որը էլ ավելի ամուր է կապում մեր երկու երկրները. ՀՀ վարչապետ

«Վրաստանում բնակվող հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որը էլ ավելի ամուր է կապում մեր երկու երկրները: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՀՀ կատարած այցի ընթացքում երկու երկրների վարչապետների համատեղ մամլո ասուլիսի ընթացքում  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից մասնավորապես նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը: Ինչպես միշտ, քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերը: Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»։