ՀՀ կայունությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի համար. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակի Ղարիբաշվիլիի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների վարչապետները հանդես եկան համատեղ հայտարությամբ: Ասուլիսը հարց-պատասխանի ձևաչափում չշարունակվեց: 

«Մեր երկրներին կապում են բազմադարյա պատմական բարեկամական հարաբերություններ: Վստահ եմ, որ համագործակցությունն էլ հենց այս ձգտումով կշարունակվի»,- ասել է Ղարիբաշվիլին՝ նշելով, որ երկու երկրներին կապող ընդհանուր ավանդույթներն ու մեծ պատմությունը, մշակույթը պետք է հիմք դառնան կառուցելու երկու երկրների ապագան՝ ուժեղ պետությունները, ժողովրդավարությունը: Ղարիբաշվիլին վստահ է՝ այս ամենը կհաջողվի միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում:

«Մի կողմից կորոնավիրուսի պանդեմիան, մյուս կողմից՝ Ղարաբաղի պատերազմը  բարդությունների առջև կանգնեցրին ողջ տարածաշրջանը: Կարծում ենք, որ խաղաղությունը, բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն: Վրաստանը մշտապես կողմ է եղել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանն ու այս ուղղությունը կշարունակվի ապագայում ևս: Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսությանն այն հարցերում, ինչպիսինն է տնտեսությունը, առևտուրը, մշակույթը և այլ մարդասիրական հարցերը: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների հաստատման  նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական ու եվրաատլանտյան ուղին»,- ասել է Ղարիբաշվիլին:

Իր խոսքում Ղարիբաշվիլին անդրադարձել  է այն հարցերին, որ քննարկել են կողմերը մինչ այդ կայացած դեմ-առ-դեմ ու ընդլայնված ձևաչափով հանդիպումների ընթացքում.

«Քննարկել ենք համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծել ինտենսիվ քաղաքական երկխոսություն ունենալու ձգտումը: Անդրադարձել ենք գոյություն ունեցող առևտրա-տնտեսական  հարաբերությունների զարգացման հեռանկարին, նոր նախագծերին: Խոսել ենք տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի, կրթության և նորարարությունների ուղղությամբ: Արդեն գոյություն ունեցող ինտենսիվ հարաբերություններին զուգահեռ դեռ շատ ուղղություններով մեծ հեռանկար կա: Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը չափազանց կարևոր է մեր երկրի  և ողջ տարածաշրջանի համար: Մենք վստահ ենք, որ արտահերթ ընտրությունները բաց ու թափանցիկ կերպով կանցկացվեն ու հայ ժողովուրդը ևս մեկ անգամ աշխարհին ցույց կտա ժողովրդավարական արժեքների նկատմամբ իր հավատարմությունը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: