Վրաստանում ցորենի բերքատվությունն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականին ցորենի բերքատվությունը կազմել է 135,9 հազար տոննա, ինչը 33,5 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նշվում է, որ 2020 թվականին Վրաստանը ստացել է 102,4 հազար տոննա ցորեն, 2019 թվականին՝ 100,6 հազար տոննա, իսկ 2018 թվականին՝ 107,1 հազար տոննա։

Ըստ զեկույցի՝ անցյալ տարի ամենաշատ բերքատվությունը նկատվել է Կախեթում՝ 101,3 հազար տոննա։ Ցորենի արտադրությամբ երկրորդ տեղում է Քվեմո Քարթլին՝ 17,4 հազար տոննա, երրորդում՝ Շիդա Քարթլին՝ 12,3 հազար տոննա, չորրորդում՝ Սամցխե-Ջավախեթին՝ 4,3 հազար տոննա։

Բերքատվության աճով պայմանավորված՝ 2021 թվականին բարձրացել է նաև ցորենի ինքնաբավության գործակիցը։

Մասնավորապես, ըստ Geostat-ի հաշվետվության՝ անցյալ տարի ինքնաբավության գործակիցը հասել է 22 տոկոսի։