Վրաստանում հանցագործությունների թիվը նվազել է. ՆԳ փոխնախարար

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, հանցագործությունների թիվը նվազել է 3,39 տոկոսով:

Դարախվելիձեն նշել է, որ կրճատվել է այնպիսի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը ծանր վնաս հասցնելը, ազատությունից ապօրինի զրկումը, կողոպուտը, այդ թվում՝ բնակարանի գողությունը և այլն։

«Հարկ է ընդգծել, որ հանցավորության վիճակագրության մշակման մեթոդաբանությունը չի փոխվում, սակայն ժամկետները փոխվում են, և ավելի մանրամասն են դառնում հրապարակվող տվյալները։ Այս փոփոխության հիմնական նպատակը հանցավորության վիճակագրության վերլուծության բարելավումն է։

Գործնական վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ իրավապահների կողմից քրեական փաստը բացահայտելու, այնուհետև հանցագործությունը քննելու և քրեական հետապնդում սկսելու գործընթացում հաճախ են լինում դեպքեր, երբ մեկամսյա ժամկետը չի բավարարում ամբողջական վերլուծության և եզրակացությունների համար: Նոր կանոնը հաստատվել է ՆԳ նախարարի հրամանով, վերջինս հրապարակային է, և բոլոր ցանկացողները կարող են մանրամասներին ծանոթանալ ՆԳՆ կայքից»,- նշել է Դարախվելիձեն: