Աբխազական կողմը չի ընդունելու Ժնևյան քննարկման համանախագահներին. Արձինբա

Վրաստանից չվերահսկվող Աբխազիան որոշել է չընդունել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկման համանախագահներին, RadioTavisupleba-ի փոխանցմամբ՝ հայտնել է Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան:

Արձինբան նշել է, որ նման որոշման պատճառը Ժնևի քննարկումների 57-րդ փուլի հետաձգումն է, որը նախատեսվում էր անցկացնել 2023 թվականի փետրվարի 21-22-ը։

«Վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, երբ համանախագահները, առանց օբյեկտիվ պատճառների և առանց բանակցային գործընթացի մասնակիցների հետ համաձայնության, միակողմանի որոշումներ են կայացնում փուլը չեղարկելու կամ հետաձգելու վերաբերյալ։ 2022 թվականին նախատեսված չորս հանդիպումներից միայն մեկն է կայացել:

Նման պատկեր նկատվեց նաև այս տարեսկզբին, երբ համանախագահները միակողմանիորեն որոշեցին հանդիպումները հաջորդ փուլ հետաձգել»,- ասել է Արձինբան:

Ըստ նրա՝ համանախագահների նման գործողությունները կանխակալ են, խոչընդոտում են բանակցությունների միջազգային այդ կարևոր ձևաչափի աշխատանքին և լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանում կայունության համար.

«Հաշվի առնելով 2023 թվականի փետրվարին նախատեսված բանակցությունների փուլի չեղարկումը, աբխազական կողմը որոշել է մերժել Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների պատվիրակության մուտքը Աբխազիայի Հանրապետության տարածք։ Այցը նախատեսված էր 2023 թվականի փետրվարի 8-9-ին, հանդիպումներ էին լինելու Աբխազիայի Հանրապետության պաշտոնյաների հետ»:

Ընդգծենք, որ Ժնևում քննարկումների հերթական փուլի հետաձգման մասին պաշտոնական հայտարարություն չի արվել:

Հարկ է նշել նաև, որ մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել էր ժնևյան քննարկումներին մասնակցող արևմտյան ներկայացուցիչներին։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ն փորձում են երկխոսության այս ձևաչափը դարձնել Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունների պատանդը։ 2022 թվականին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ժնևի քննարկումները դարձել են աշխարհաքաղաքականության պատանդը և մատնանշեց բանակցությունները «ավելի չեզոք վայրում» վարելու անհրաժեշտությունը։

Մեր նպատակն է նպաստել «3+3» ձևաչափի աշխատանքին. Լավրով