Վրաստանում ՀՀ դեսպանը շարունակում է հանդիպումները

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շարունակում է հանդիպումները Վրաստանի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Դեկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Մցխեթայի քաղաքապետ Դիմիտրի Զուրաբիշվիլիի հետ: Կողմերն անդրադարձել են քույր քաղաքներ Էջմիածնի և Մցխեթայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը. «Մտքեր են փոխանակվել երկու քաղաքների միջև փոխգործակցության խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ»:

Դեկտեմբերի 11-ին դեսպանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան։ ՀՀ դեսպանին ընդունել է համալսարանի նախագահ Կախա Շենգելիան:

«Շենգելիան ներկայացրել է համալսարանական առօրյայի և գիտակրթական գործունեության կազմակերպման համար բուհում ստեղծված պայմանները։ Նա նաև անդրադարձել է համալսարանի շենքի պատմությանը` նշելով, որ 1911-1924 թվականներին այս շենքում է գործել Թբիլիսիի Ներսիսյան ճեմարանը։ ՀՀ դեսպանը կարևորել է հայ ժողովրդի համար խորհրդանշական նշանակություն ունեցող շենքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համալսարանների միջև համագործակցության խորացման ուղիները, մտքեր փոխանակել համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ»,- հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Նույն օրը դեսպանն այցելել է նաև Թբիլիսիի Եվգենի Միքելաձեի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ հանդիպել է տնօրեն Գիորգի Քորքաձեի հետ:

ՀՀ դեսպանը շրջայց է կատարել ուսումնարանում, ծանոթացել դրա հարուստ պատմությանը. «Քննարկվել է Երևանի և Թբիլիսիի երաժշտական կրթօջախների միջև համագործակցության զարգացման հնարավորությունը»: