Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են Շահումյան

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվող Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետներն այցելել են Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի թիվ 1 և թիվ 3 հանրային դպրոցներ:

Վրաստանում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ՝ տոնական օրվա առթիվ դպրոցների ուսուցչական կազմին և աշակերտներին շնորհավորական ուղերձ է հղել դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը: Այնուհետև դպրոցների աշակերտները հանդես են եկել ելույթներով:

«Օրվա խորհրդին համահունչ` միջոցառման ավարտին Վրաստանում ՀՀ դեսպանությունը դպրոցներին նվիրեց հայերեն և վրացերեն գեղարվեստական գրքեր»,- հայտնում են դեսպանատնից:

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի կապակցությամբ, Թբիլիսիում նշվել է մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։

«Տոնական միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան կարգ։ Նույն օրը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի գիտական-մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը և բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը, որին հաջորդեց միմյանց գիրք նվիրելու արարողությունը»,- նշված է դսեպանատան մեկ այլ հաղորդագրության մեջ:

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Դսեղում։

Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլուի (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը։