Վրաստանում «կանաչ կարգավիճակ» կունենան նաև օտարերկրյա քաղաքացիները

Վրաստանի կառավարությունը փոփոխություն է կատարել քաղաքացիների կանաչ անձնագրի վերաբերյալ որոշման մեջ։ Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիների կանաչ կարգավիճակը հաստատելու համար բավական կլինի ներկայացնել իրենց երկրում տրված համապատասխան փաստաթղթերը։ Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ 

Համաձայն հրամանագրի՝ www.covidpass.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում, CovidPass Georgia և EU Digital COVID Certificate համակարգում չգրանցված օտարերկրացիների կանաչ կարգավիճակը կստուգվի շնորհող երկրի կողմից տրված QR կոդի կամ համապատասխան պաշտոնական գերատեսչության կողմից տրված ամբողջական պատվաստման կամ բացասական PCR թեստի սերտիֆիկատի հիման վրա: 

Ըստ կառավարության՝ այս որոշման նպատակն է օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն տալ օգտվել կանաչ կարգավիճակից՝ իրենց երկրում տրված փաստաթղթով։ 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «կանաչ անձնագիր» ունենալու մասին օրենքը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները մի շարք հաստատություններ կարող են մուտք գործել միայն «կանաչ անձնագրի» առկայության դեպքում։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր