Վրաստանում կանանց սպանությունների խնդիրը լուրջ է. այդ ֆոբիայի պատճառները՝ ըստ նախկին օմբուդսմենի

Վրաստանում այս տարի սպանվել է 13 կին, իսկ 2014 թվականից ի վեր` Վրաստանում սպանվել է 186 կին. 2014-ից 2022 թվականներին ընտանեկան հանցագործությունների համար քրեական հետապնդման ցուցանիշներն աճել են, իսկ ընտանեկան հանցագործությունների համար մեղադրվողների ազատազրկման պատիժները 14 տոկոսից հասել են 88 տոկոսի։

Ամեն տարի Վրաստանում տասնյակ կանայք են բռնությամբ մահանում, ինչը մտահոգիչ է ժողովրդավարության նկրտումներ ունեցող և եվրոպական արժեքներով ապրող հասարակության ու երկրի համար:

«Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» հիմնադիր, մարդու իրավունքների նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Վրաստանում ֆեմիցիդը (կանանց սպանություններ) լուրջ խնդիր է:

Նանուաշվիլին նշում է, որ այս խնդրի առաջացմանը նպաստել են բազմաթիվ գործոններ, այդ թվում նաև այն, որ Վրաստանի կառավարությունը համարժեք չի արձագանքել կանանց նկատմամբ բռնության խնդիրներին, բռնության դեմ պայքարի կամք չի արտահայտել։

«Միտումը սրվել է վերջին տարիներին` նույնիսկ այն դեպքում, որ օրենսդրությունը խստացվել է, և քաղաքականությունը փոխվել է: Բռնության դեպքերին պետությունն արձագանքել է, սակայն հետագա արձագանքն ուշանում է։ Այսինքն, հիմա ունենք մի իրավիճակ, երբ մի կողմից հետաքննվում են բռնության փաստերը, իսկ մյուս կողմից՝ չի ներմուծվում ֆեմիցիդ սահմանումը»,- ասում է Նանուաշվիլին:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ընդգծում է՝ օրենքի համապատասխան խստացում է անհրաժեշտ` ֆեմիցիդը, բռնությունը և ատելության խոսքը վերացնելու համար։

Նա նաև հավելում է, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու և կրթելու համար այնպիսի խմբերի, որոնք կարող են այս հարցում նպաստել փոփոխություններին, նաև խնդրի լուծման գործում կրոնական կազմակերպությունների ներգրավվածությունն է անբավարար:

«Կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու համար պայքարն անհրաժեշտ է բոլոր մակարդակներում՝ օրենսդիր, գործադիր և այլ կառույցներում, և չպետք է թողնել որևէ սոցիալական խումբ կամ համայնք, որտեղ բռնությունը համարվում է ընդունելի»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Նշենք, որ Վրաստանում կանանց սպանության գործերով գենդերային խտրականության շարժառիթն առաջին անգամ բացահայտվել է 2018 թվականին, իսկ մինչ այժմ կանանց սպանության գործերով գենդերային խտրականություն է բացահայտվել 45 մեղադրյալի նկատմամբ։