Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 16

Քվեմո Քարթլիի Մառնեուլիի շրջանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Ծոփ գյուղում 2022-2023 ուսումնական տարին մեկնարկել է նորակառույց դպրոցում:

Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» (Ժամանակն է) կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան ասել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, ով տարիներ առաջ նաև պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարն էր, քրեական հանցագործություն է կատարել։

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն ասել է, որ Վրաստանի ընտրած քաղաքականությունը խաղաղությունն է, և բռնակցված տարածքների վերադարձի հարցը դիտարկվում է միայն խաղաղության ճանապարհով:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հարցում Վրաստանի դիրքորոշման մասին։ Դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ի դաշնակիցների շահերից չի բխում պատերազմի տարածումը Վրաստանում։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Պետական ​​աուդիտի ծառայության գլխավոր աուդիտորի պաշտոնում առաջադրել է ֆինանսների փոխնախարար Ցոտնե Կղավլաշվիլիի թեկնածությունը։

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 8 ամսում Վրաստանի օդային տարածքի օգտագործման տեմպերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 49 տոկոսով։

2022 թվականի օգոստոսին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 523 միլիոն դոլարի եկամուտ. ընդհանուր առմամբ, այս տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմում է 2,1 մլրդ դոլար։

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI)  և CRRC-Վրաստանի կողմից հրապարակված հարցման համաձայն՝ հարցված բնակչության 75 տոկոսը կողմ է Վրաստանի եվրաինտեգրմանը, իսկ 25 տոկոսը կարծում է, որ երկրի կառավարության քաղաքական կամքի բացակայությունն է անդամակցության գլխավոր խոչընդոտը:

Հարցման արդյունքների համաձայն՝ աճել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեության հանդեպ բացասական գնահատականը։

NDI-ի հարցման արդյունքներով ավելացել է լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց իրավունքների պաշտպանության կողմնակիցների թիվը։

Հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ ամենադրական վերաբերմունքն ունեն էթնիկ փոքրամասնությունները։