Վրաստանում ռուսամետների թիվը նվազել է

2016 թվականի մարտից մինչև 2022 թվականի օգոստոսը, երկրի արևմտամետ արտաքին քաղաքականությանն աջակցող քաղաքացիների թիվը աճել է, իսկ ռուսամետ ուղղության կողմնակիցների թիվը՝ նվազել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարական​​ ինստիտուտի [NDI] սեպտեմբերի 16-ին հրապարակած հարցման արդյունքներից:

Ըստ հարցման՝ 2016 թվականի մարտից մինչև 2022 թվականի օգոստոսը, երկրի արևմտամետ արտաքին քաղաքականությանը աջակցողների թիվը 14%-ից հասել է 47%-ի։ Նույն ժամանակահատվածում ռուսամետ ուղղության կողմնակիցների թիվը 5%-ից նվազել է մինչև 2%, իսկ այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկրի արտաքին ուղղությունը պետք է լինի ռուսամետ, սակայն Վրաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ, 16%-ից նվազել է՝ հասնելով 7%-ի:

Վրաստանի բնակչության մեծ մասը (65%) վստահ է, որ երկիրն ավելի շատ կշահի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումից, քան Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից: Բնակչության միայն 12%-ն է կարծում, որ Վրաստանն ավելի շատ օգուտներ կստանա, եթե հրաժարվի եվրաատլանտյան նկրտումներից՝ Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցելու համար։

Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է եվրաինտեգրմանը